Ավստրալիայում տղամարդը վարակվել է կատաղությամբ՝ փորձելով փրկել իր տանը հայտնված չղջիկին, գրում է LADBible-ն։
Դեպքը տեղի է ունեցել, երբ Քրեյգ Նոլթին նկատել է տան տանիքին խրված չղջիկ և փորձել է օգնել նրան, բայց չղջիկը կծել է նրան։ Չնայած տղամարդը գրեթե անմիջապես կանխարգելիչ բուժում է ստացել, այն, ակնհայտորեն, ցանկալի ազդեցություն չի ունեցել։ Դրա մասին հայտնել է նրա կինը՝ Ռոբինը՝ նշելով, որ իր ամուսնուն տրվել են անհրաժեշտ դեղամիջոցները, սակայն ախտանիշներն ի հայտ են եկել ավելի ուշ, և նրա վիճակը կտրուկ վատացել է։
Նոր Հարավային Ուելսի իշխանությունները հաստատել են, որ տղամարդը ստացել է բոլոր անհրաժեշտ պատվաստումները, բայց հիվանդությունն, այդուհանդերձ, սաստկացել է։
«Բուժումը բավական անվտանգ է և ամբողջ աշխարհում ապացուցված է, որ այն բարձր արդյունավետություն ունի», - հայտարարել են նահանգի առողջապահության դեպարտամենտում, ցավակցություն հայտնելով ընտանիքին։
Բալինա քաղաքի խորհրդի ղեկավար Շարոն Քադվալլադերը դա «ողբերգական հանգամանքների հանգեցրած» միջադեպ է որակել և կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։ Մինչդեռ, մասնագետները կրկին քաղաքացիներին կոչ են արել չփորձել ինքնուրույն փրկել չղջիկներին։
«Եթե նկատեք վնասվածք ստացած կամ օգնության կարիք ունեցող կենդանի, դիմեք մասնագետի։ Փրկարարական կազմակերպություններն ունեն պատրաստված անձնակազմ, որը կարող է անվտանգ կերպով շփվել նման կենդանիների հետ», - նշել են առողջապահության դեպարտամենտում։
Քրեյգի ընտանիքն ու ընկերները նրան նկարագրում են որպես բարի, հոգատար և մեծ սիրտ ունեցող մարդու։
«Նա բարձրահասակ, ուժեղ, աշխատասեր մարդ էր։ Նա չէր վախենա չղջիկից՝ միշտ ամենուր փորձում էր օգնել», - ասել է նրա ընկերներից մեկը։



























