Շանսիի հնագիտական ակադեմիայի հնագետները հայտնաբերել են Կիմ Յոնգի դամբարանը, որը հին կորեական Սիլլա նահանգի պատանդ արքայազնն էր։ Պեղումներն անցկացվել են Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Չանգանյից՝ Թան դինաստիայի հին մայրաքաղաքից, մոտ երկու կիլոմետր հյուսիս։ Հայտնագործության մասին հայտնել է China News Service-ը (CNS):
Դամբարանը կառուցված է դանակի տեսքով, որի «սայրն» ուղղված է դեպի հարավ։ Սենյակը բաղկացած է անցուղուց, միջանցքից, առաստաղի վրա անցք ունեցող հորանից, թունելից և խցիկից։ Դամբարանը փորված է գետնի մեջ՝ 4,5 մետր խորության վրա։ Կառույցի ընդհանուր երկարությունը 10,4 մետր է, խորությունը՝ 4 մետր։
Չնայած մասնակի կողոպուտին, դամբարանում պահպանվել է մեծ քանակությամբ, ընդհանուր առմամբ, 83 թաղման իրեր, դրանց թվում՝ կերամիկական արձանիկներ, կենդանիների պատկերներ, պադոդայի (բուդդայական մեհյանի) տեսքով անոթ, պղնձե մետաղադրամներ և դամբանագիր։ Հենց դամբանագիրն էր, որը հնարավորություն տվեց ճշգրիտ պարզելու մահացածի ինքնությունը։
Հայտնաբերված իրերի թվում էին 22 կերամիկական արձանիկներ, որոնք պատկերում էին երկնային թագավորների, պահակախմբերի, ձիավարների և կենդանակերպի նշանի կենդանիների։ Եվս 58 կավե արձանիկներ ներկայացնում են ընտանի և բեռնակիր կենդանիներ, դրանց թվում՝ ուղտեր, ձիեր, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր և հավեր։
Հատկապես ուշագրավ է գմբեթավոր կափարիչով, ամպերի, ծաղիկների և քաջվարդերի նախշերով զարդարված կապույտ քարից պատրաստված դամբանագիրը։ Քարի վրա փորագրված արձանագրությունը, որը գրված է հին և սովորական չինական հիերոգլիֆներով, պարունակում է 557 նիշ և պատմում է Կիմ Յոնգի կյանքի մասին։
Ըստ դամբանագրի՝ Կիմ Յոնգը ծնվել է 747 թվականին և մահացել 794 թվականին՝ 48 տարեկան հասակում։ Նա Սիլայի ազնվական ընտանիքի անդամ էր, որը Չինաստան էր ուղարկվել որպես քաղաքական պատանդ, ինչը տարածված պրակտիկա էր Թանի ժամանակաշրջանում։ Նրա ընտանիքը երեք սերունդ ծառայել է չինական վարչակազմում։ Կիմ Յոնգն ինքը մասնակցել է դիվանագիտական առաքելություններին և արարողություններին, իսկ նրա հուղարկավորությունը կազմակերպել են Թան դինաստիայի պաշտոնյաները՝ կայսերական արքունիքի աջակցությամբ։
Տապանագրի անսովոր տարրը Կիմ Յոնգի կնոջ հիշատակումն էր։ Նա սերում էր չինական ազդեցիկ Վան տոհմից և Յանշի շրջանի մագիստրատի դուստրն էր։ Այս փաստը ընդգծում է, որ Սիլլայից պատանդները հաճախ ամուսնանում էին չինացի ազնվականների հետ՝ նման կերպ ամրապնդելով երկու պետությունների միջև քաղաքական և մշակութային կապերը։
Գիտնականների կարծիքով՝ պատանդ արքայազները, դիցուկ Կիմ Յոնգը, ծառայում էին ոչ միայն որպես հավատարմության երաշխավորներ, այլև որպես մշակութային փոխանակման ուղեցույց անձինք։ Կրթություն ստանալով և արքունիքում պաշտոններ զբաղեցնելով՝ նրանք դարձան չինական էլիտայի մաս և կարևոր օղակ Թանգի և Սիլլայի միջև դիվանագիտական հարաբերություններում։



























