Թերթը գրում է, որ Սուքիասյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը երեկ մեր թղթակցի հետ ունեցած զրույցում հաստատել է լուրն այն մասին, որ Խաչիկ Սուքիասյանը մտադիր է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում: «ՀԺ»-ի թղթակցի այն դիտարկմանը, թե իշխանական շրջանակներն արդեն լուրեր են տարածում, թե Սուքիասյանի թեկնածությունը հնարավոր է չգրանցվի վերջին 5 տարում մշտապես Հայաստանում չբնակվելու պատճառաբանությամբ, մեր զրուցակիցն ասաց. «Խաչատուր Սուքիասյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում: Ինչպես նախկինում, հիմա էլ նա հաճախ է գործուղումների մեկնում, բայց դա որեւէ իրավական խոչընդոտ չի առաջացնի նրա թեկնածության գրանցման համար»: Ինչպես հայտնի է, իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է այս ընտրատարածքում առաջադրել Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը: «ՀԺ»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն այս ընտրատարածքում թեկնածու չի առաջադրելու: Ենթադրվում է, որ Հայ ազգային կոնգրեսն այս ընտրատարածքում կպաշտպանի հենց Սուքիասյանի թեկնածությունը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: