ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը երկուշաբթի դատապարտվել է 21 անընդմեջ ցմահ ազատազրկման՝ իր կողակցուհու 13-ամյա դստեր՝ Մադլեն Սոտոյի հրեշավոր սպանության համար, հաղորդում է NBC News-ը։
Ստեֆան Սթեռնսը, որը Մադլենի մոր ընկերն էր, Քիսիմիի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։ Գործարքն, ըստ դատախազների, ձեռք է բերվել աղջկա ընտանիքի հետ սերտ համագործակցությամբ։
39-ամյա Սթեռնսը դատապարտվել է 21 ցմահ ազատազրկման, որոնք կկիրառվեն միաժամանակ։ Մադլենի մարմինը հայտնաբերվել է Օսեոլա շրջանի անտառապատ տարածքում 2024 թվականի մարտի 1-ին՝ նրա անհետացման մասին մոր հայտարարությունից չորս օր անց։
Սթեռնսը նախ ձերբակալվել է սեռական բռնության, անպարկեշտ վերաբերմունքի և երեխայի սեռական գործողություններ պատկերող նյութեր ապօրինի պահելու մեղադրանքներով, երբ քննիչները խուզարկել են նրա հեռախոսը, հայտնել են պաշտոնյաները։ Ավելի ուշ ատենակալների մեծ ժյուրին նրան մեղադրանք է առաջադրել առաջին աստիճանի սպանության համար։
Մադլենի մայրն, ըստ դատարանի արձանագրությունների՝ հայտնել է նրա անհետացման մասին, երբ Սթեռնսը պետք է այդ առավոտյան նրան ավտոմեքենայով տաներ Օռլանդոյի Հանթերս Քրիքի ավագ դպրոց, որտեղ հաճախում էր երեխան: Բայց երբ մայրը դպրոցից հետո գնացել է նրան վերցնելու, պարզվել է՝ դուստրը դասի չի եկել։
Սթեռնսը երկուշաբթի չի ընդունել իր մեղքը առաջին աստիճանի սպանության մեջ։ Նա մեղավոր է ճանաչվել 12 տարեկանից փոքր անձանց ծանր մարմնական վնասվածք հասցնելու ութ, 12-18 տարեկան անձանց մարմնական վնասվածք հասցնելու հինգ և սեռական ոտնձգության յոթ դրվագներով։



























