Բոլոր խելոք մարդիկ արդեն հասկացել են, որ եկեղեցու դեմ ստեղծված լարվածությունը չի ունենալու արագ լուծում։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ մի այլանդակ արարք՝ հաշվարկելի կամ նույնիսկ բանականությունից դուրս, մի օրում ոչինչ չի լուծելու։ Առավելագույնը՝ ստեղծելու է նոր իրավիճակ։ Հետևաբար, հակառակ պրոցեսը, կոչենք այն աջակցություն, նույնպես պետք է պատրաստ լինի երկարատև պրոցեսի՝ պատրաստ ունենալով տարբեր սցենարներ։ Ելքը միանշանակ պարզ է. իշխանությունն ի վերջո փոխվելու է, երկիրն ի վերջո մտնելու է հանդարտ-խաղաղ մի փուլ։

Բայց դրան տանող պրոցեսը դեռ որոշակի ժամանակ պահանջելու է, լի է ռիսկերով և շատ տոքսիկ է։ Հենց այդ պատճառով է պետք զինվել ստրատեգիական համբերությամբ և քայլերը հաշվարկել այդ տրամաբանության մեջ։

Պրոցեսը դարձնել հասկանալի

Եթե աջակցությունը սպասի, թե հարձակվողն ինչ նոր ագրեսիվ բան կմտածի, ապա պրոցեսը դառնալու է շատ տոքսիկ, մաշող։ Բայց եթե աջակցությունը լինի ակտիվ, ապա էապես մեղմվելու է իրավիճակը։

Այս տրամաբանության մեջ, պետք է հստակ հասկանալ, որ հանրային գերիշխող մթնոլորտն ունենալու է վճտռորոշ նշանակություն։ Բայց մի բան է՝ ունենալ աջակցության հուսահատ կամ անզորությունից կատաղած մթնոլորտ, և այլ բան է՝ ունենալ մասնակցային, ռացիոնալ պրոցես՝ անելիքի իմացությամբ։

Սա ստանալու համար հարցադրումները պետք է ճիշտ անել.

Ո՞վ ես դու

Ո՞ւմ անունից ես պահանջում

Հարց առաջին

«Ով ես դու»-ն շատ կարևոր հարցադրում է։ Նա պատասխանելու է՝ 680 հազարի ձայնով ընտրված վարչապետ։ Սրանից բխելու է երկրորդ կարևոր հարցը. արդյոք ՀՀ օրենսդրությամբ ՀՀ վարչապետն իրավունք ունի՞ նման քայլերի, գործողությունների։ Արդյոք դա Սահմանադրության ակնհայտ խախտում չէ՞։ Վարչապետի կողմից եկեղեցու դեմ ձևակերպումների, պարտադրանքի և հրահանգների թեմայով անպայման պետք է դիմել Սահմանադրական դատարան. Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մաս, 2-րդ կետ՝ սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հիմքով: Դա կարող են անել ընդդիմադիր պատգամավորները։ Նա, որպես վարչապետ, չունի լիազորություն՝ ներեկեղեցական կյանքին խառնվելու, Վեհափառի և Սրբազանների պաշտոնանկություն պարտադրելու և այլն։ Սա է պրոցեսը, և հենց այս գործելաոճն է, որով ազնիվ էմոցիան վերածվում է գործնական քայլերի։ Ինչո՞ւ չի արվում նման բան՝ համոզիչ պատասխան չի լինելու։

Հարց երկրորդ.

Ո՞ւմ անունից է պահանջում։ Չափազանց կարևոր է՝ ձևավորել դոմինանտ և իրական կարծիք, որ նա չի խոսում ժողովրդի անունից։ Բոլոր հետազոտությունները ցույց են տաիս, որ համազգային աջակցությունը եկեղեցունն է։ Նա չունի որևէ մեխանիզմ՝ ապացուցելու, որ ժողովրդի անունից է խոսում, իսկ դա նշանակում է, որ իշխանական լծակներով ցանկացած «կազմակերպված գործողություն» կարող է տեղավորվել կազմակերպված հանցագործություն հասկացության մեջ։ Ի դեպ, Եկեղեցու վերջին հայտարարությունը, որով պարտավորեցնում է իրավապահներին՝ կասեցնել հնարավոր ապօրինությունները, միանշանակ ճիշտ էր։

Այնուհանդերձ, եթե արեց անթույլատրելին

Վերը նշված երկու հարցադրումները ճիշտ և ինտենսիվ աշխատեցնելու դեպքում աննորմալ սցենարների հավանականությունը էապես նվազում է։ Մյուս կողմից, յոթ տարում ամեն ինչ տեսած Հայաստանում պետք է պատրաստ լինել իշխանության կողմից ցանկացած կարմիր գծերի հատման։

Այս տրամաբանության մեջ, ըստ իս, լավագույն և ռացիոնալ քայլը Իմպիչմենտի պրոցեսը հրատապ սկսելն է։

Սա ոչ թե որևէ խմբակցության ցանկության կամ նախաձեռնության իմպիչմենտն է, այլ՝ նոր հանրային պրոցես։ Եկեղեցու դեմ գրոհի և այլ հակամարդկային քայլերի դեպքում անհապաղ պետք է սկսել Իմպիչմենտի պրոցես՝ հանրային լայն, մասնակցային մի պրոցես, որտեղ հարցադրումը կլինի՝ ոչ թե ո´վ կբերի պակասող ձայները, այլ՝ ինչպես բոլորով ապահովել անհրաժեշտ ձայները։ Հուսահատության ու բողոքի էմոցիաները պետք է փոխակերպել հանրային մեծ պրոյեկտի՝ իմպիչմենտի հանրային պահանջի։ Սա է քաղաքական թերևս միակ կանխարգելիչ քայլը, որի մասին պետք է հայտարարել։ Այդ մասին պետք է հայտարարեն խորհրդարանում ներկայացված բոլոր ընդդիմադիր ուժերը՝ առանց այլևայլությունների։