Հնդկաստանի գյուղական վայրերում բնակվող երկու եղբայրներ ամուսնացել են նույն կնոջ հետ՝ պահպանելով հին սովորույթը, ինչը արժանացել է կանանց իրավունքների պաշտպանության խմբի քննադատությանը, հաղորդում է Press Trust of India-ն։

Բազմամուսնությունը Հնդկաստանում արգելված է, բայց որոշ ցեղային տարածքներում, այդ թվում՝ Հիմալայան շրջաններում օրինական է համարվում, ինչը թույլ է տալիս շարունակել որոշ հինավուրց ավանդույթներ։

Փեսաները՝ Փրադիպը և Կապիլ Նեգին ամուսնացել են Սունիտա Չաուհանի հետ հուլիսի 12-ին Հիմալայան Հիմաչալ Պրադեշ նահանգում տեղի ունեցած եռօրյա հարսանիքին, որին ներկա են եղել հարյուրավոր գյուղացիներ և հարազատներ:

Եղբայրներից մեկը պետական ծառայող է, իսկ մյուսն աշխատում է արտասահմանում։

Ըստ սովորույթի՝ կինը մի եղբորից մյուսին է անցնում փոխադարձաբար համաձայնեցված ժամանակացույցով, և ընտանիքը միասին է մեծացնում երեխաներին։ Երեխաների օրինական հայր է համարվում ավագ եղբայրը։

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀամաՀնդկաստանի դեմոկրատական կանանց ասոցիացիան (AIDWA) դատապարտել է ամուսնությունը՝ այն անվանելով կանանց շահագործում։

Ցեղի մոտ 300 հազար անդամներ ապրում են Հիմաչալ Պրադեշի հեռավոր Սիրմաուրի շրջանի փոքր գյուղերում:

Տեղի օրենսդիր Հարշվարդհան Սինգհ Չաուհանը պաշտպանել է այս սովորույթը՝ հայտարարելով, որ բազմամուսնությունը վաղուց ավանդույթ է եղել Սիրմաուրի ժողովրդի շրջանում:

Տեղական առաջնորդ Կունդալ Լալ Շաշտրին արդարացրել է այդ սովորույթը՝ հղում անելով հին հնդկական «Մահաբհարատա» էպոսին, որտեղ հերոսուհի Դրաուպադին ամուսնացավ հինգ եղբայրների հետ։