Մի խումբ նախկին քաղբանտարկյալներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ետ են վերցնում իրենց ներկայացրած դիմումները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «7-ի գործով» նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը: Վերջինս, սակայն, չհայտնեց մյուս վերցնողների անունները` նշելով, որ առաջիկայում բոլորի անուններն էլ հայտնի կդառնան:

Սիրունյանը նաեւ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Թե մինչեւ 2008թ. մարտի 1-ը, թե մարտի 1-ից հետո ես պայքարել եմ արդարության համար, իսկ պայքարից շեղվել եւ այն կիսատ են թողել ու գործարքի են գնացել ոչ թե ես ու իմ այն քաղբանտարկյալ ընկերները, որոնք որոշել են իրենց հայցերը հետ վերցնել Եվրադատարանից, այլ նրանք, ովքեր օգտագործել են քաղբանտարկյալների անունները իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու համար: Այն մարդը, որը հայտարարեց, որ պատրաստ է գործիք լինել հասարակության ձեռքին, հենց ինքը քաղբանտարկյալներին որպես գործիք օգտագործեց իր սեփական ու ներխմբային շահերի համար:

Ես առաջինն եմ, որ հայտարարում է այն մասին, որ որոշել է հետ վերցնել իր հայցադիմումը Եվրադատարանից, քանզի այլեւս չեմ ցանկանում, որ իմ անունը գործիք դառնա Հայ ազգային կոնգրեսի եւ կոնգրեսականների ձեռքին, ովքեր հետապնդում են ոչ թե հասարակության շահը, այլ իրենց ներխմբային շահը»: