Հուլիսի 24-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոչիի վրա։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ քաղաքի Ադլեր շրջանում խոցված անօդաչու սարքի բեկորների անկման հետևանքով մեկ կին է մահացել, ևս մեկ մարդ ծանր վերքերով հոսպիտալացվել է։ Քաղաքում հրդեհ է բռնկվել նաև ավտոտնակային կոոպերատիվի տարածքում։ Այն մի քանի ժամվա ընթացքում մարվել է։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Ինչպես գրում է Shot-ը՝ հղում անելով ականատեսներին, քաղաքի երկնքում ընդհանուր առմամբ որոտացել է 15-ից 20 պայթյուն, գործել են օդային տագնապի ազդանշանները։ Baza-ի տվյալներով՝ անօդաչու սարքերի հարձակման ժամանակ որոշ հյուրանոցների հանգստացողներին տարհանել են ստորգետնյա ավտոկայանատեղիներ։
Սոչիից 30 կմ հեռավորության վրա գտնվող Սիրիուս ավանում անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է նավթաբազային, հայտնել է տարածքի ղեկավար Դմիտրի Պլիշկինը։ Նա իր Telegram-ի ալիքում գրել է. «Խնդրում եմ ձեռնպահ մնալ այդ տարածքում մեքենայով երթևեկելուց և զբոսանքներից»։ Պաշտոնյան նաև կոչ է արել ցանցում որևէ լուսանկար կամ տեսանյութ չհրապարակել։ Սիրիուսում է գտնվում «Лукойл-Югнефтепродукт» նավթաբազան։ Տեղի բնակիչների տեսանյութերից դատելով՝ օբյեկտում ուժեղ հրդեհ է բռնկվել։
Անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ Սոչիի օդանավակայանը սահմանափակել է իր աշխատանքը։ Միջոցները մտցվել են նախօրեին՝ մոտավորապես ժամը 23:08-ին (Մոսկվայի ժամանակով) և չեղարկվել՝ ժամը 3:05-ին։ Ընդհանուր առմամբ, 59 մեկնող և 38 ժամանող չվերթ է հետաձգվել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում 39 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման և որսալու մասին։ Մասնավորապես, 21 ինքնաթիռային տիպի սարք խոցվել է Սև ծովի ջրային տարածքի վրա, 11-ը՝ Ազովի ծովի վրա և ևս յոթը՝ Կրասնոդարի երկրամասի վրա։




























