Պեկինի գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Չինաստանին կոչ է արել «վերահավասարակշռել առևտուրը»՝ ընդգծելով, որ Չինաստանի և ԵՄ-ի տնտեսական հարաբերությունները հասել են «բեկումնային կետի»։
«Մեր առևտրի ծավալը օրական հասնում է 2 միլիարդ եվրոյի։ Սակայն մեր հարաբերությունների խորացմանը զուգահեռ խորանում է նաև դրանց անհավասարակշռությունը։ Մենք հասել ենք բեկումնային կետի», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԵՄ-ի և Չինաստանի դիվանագիտական հարաբերությունների 50-ամյակին նվիրված գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերով՝ առևտրի վերահավասարակշռումն անհրաժեշտ է ոչ թե օպտիմալացման, այլ դրա պահպանման համար։ Նա Պեկինին կոչ է արել «ճանաչել փոխադարձ մտահոգությունները և իրական լուծումներ գտնել»։
Խոսքը ԵՄ-ի չորս հիմնական պահանջների մասին է: Նախ, Բրյուսելը Պեկինին մեղադրում է եվրոպական շուկաներում գերակշռելու մեջ՝ զգալի պետական սուբսիդիաներ ստացող ապրանքների հաշվին, ինչը ԵՄ-ում համարում են «անազնիվ մրցակցություն»: Երկրորդ՝ ԵՄ-ն Չինաստանից պահանջում է ավելի լայն մուտք ապահովել եվրոպական ընկերություններին իր շուկա և այդկերպ մեղմացնում էր նրանց համար չինական պետական գնումներին մասնակցելու պայմանները: Երրորդ՝ ԵՄ-ն պնդում է, որ եվրոպական բիզնեսին ավելի լայն հնարավորություններ տրամադրվեն Չինաստանում ներդրումներ կատարելու համար: Եվ վերջապես, չորրորդ՝ ԵՄ-ն Չինաստանին կոչ է անում մեղմացնել հազվագյուտ հանքային տարրերի արտահանման վերահսկողության միջոցները:
Իր բացման խոսքում Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան Չինաստանին կոչ է արել ջանքեր գործադրել և պահպանել «կանոնների վրա հիմնված աշխարհակարգը»։
Եվրոպական առաջնորդները Չինաստանի հետ գագաթնաժողովի բացման ժամանակ չեն անդրադարձել ԵՄ-ի համար գլխավոր աշխարհաքաղաքական թեմային՝ Ռուսաստանի հետ Չինաստանի լայնածավալ համագործակցությանը։ Չի հիշատակվել նաև Ուկրաինայի հակամարտությունը։
ԵՄ-Չինաստան գագաթնաժողովն ընթանում է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմների պայմաններում։ Այս առճակատումը ստիպում է Պեկինին և Բրյուսելին փնտրել ուղիներ, որոնք կարող են փոխհատուցել ամերիկյան մաքսատուրքերից առաջացած տնտեսական կորուստները և ավելի ճկուն հարաբերություններ կառուցել միմյանց հետ։





























