Հինգ ավստրալացի կանայք, որոնք ենթադրաբար ենթարկվել են մերկ վիճակում ագրեսիվ խուզարկության, «երկար և դժվարին պայքարից» հետո թույլտվություն են ստացել դատի տալ Qatar Airways-ին, հաղորդում է Daily Mail-ը։

Կանայք, որոնց անունները պաշտոնապես չեն կարող նշվել, այն հարյուրավոր կանանց թվում էին, որոնք, ենթադրաբար, բռնի կերպով դուրս են բերվել Դոհայում ինքնաթիռից 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ ավիաընկերության պաշտոնյաները փնտրում էին տերմինալի զուգարանում հայտնաբերված նորածնի մորը։

Նրանցից շատերը, որոնց զինված պահակներն իջեցրել էին ինքնաթիռներից, պնդում էին, որ Համադ օդանավակայանում իրենց ստիպել են առանց իրենց համաձայնության գինեկոլոգիական կամ ինտիմ զննումների ենթարկվել։

Հայցվորները պնդում են, որ ուղևորուհիներից մեկին ստիպել են իր հինգ ամսական որդուն գրկած մերկանալ խուզարկության համար։ Մեկ այլ՝ տարեց և կույր կնոջ դուրս են բերել ինքնաթիռից, բայց նրան չեն խուզարկել։

Կանայք, որոնցից երեքը, ենթադրաբար, ենթարկվել են մանրակրկիտ խուզարկությունների, դատի են տվել օդանավակայանի օպերատոր Qatar Airways ավիաընկերությանը և Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչությանը։ Սկզբնական որոշմամբ նրանց արգելվել էր հետապնդել ավիաընկերությանը, սակայն հինգշաբթի Դաշնային դատարանը որոշում է ընդունվել, որ Qatar Airways-ի և օդանավակայանի օպերատորի դեմ գործը կարող է շարունակվել։

Կանայք փոխհատուցում են պահանջում մոտ հինգ տարի առաջ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ստացած հոգեկան ցնցումների, ենթադրյալ հարձակման և անօրինական ազատազրկման համար։