Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով հերթական զավեշտալի բացթողումն է արել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանը հունվարի 17-ին Դինքի սպանության գործով դատավճիռը է կայացրել գործով անցնող 18 մեղադրյալի նկատմամբ՝ մոռանալով 19-րդ մեղադրյալ Չոշքուն Իղջիին։ Այս պատճառով դատարանը կրկին պետք է հավաքվի՝ Չոշքուն Իղջիի նկատմամբ վճիռ կայացնելու համար։
Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ թուրքական դատարանը ավելի վաղ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:
Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։




























