Կրոկուս Սիթի Հոլի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կատարողները զենքը ստացել են իրենց դաղստանցի հանցակիցներից։ Նրանք զենքը Հյուսիսային Կովկասից բերել են մեքենայով, որի մեջ եղել է հատուկ գաղտնարան։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով գործի նյութերը։

«Համատեղ հանցավոր մտադրությունն իրականացնելով՝ Սոլիև Ումեջոնի ցուցումով Իսմոիլով Զուբայդուլլոն և Գադոև Շահրոմջոնը Mitsubishi մակնիշի մեքենայում թաքստոց են պատրաստել, որտեղ տեղադրել են հրազեն և զինամթերք, որից հետո Գադոևը նշված մեքենայով ուղևորվել է Մոսկվա։ Ֆարիդունի Շամսիդինը և Միրզոև Դալերժոնը Մոսկվայի մարզի անտառային հատվածում ընտրել են տարածք՝ Գադոևի կողմից բերված զենքը հանձնելու համար»։

Ըստ փաստաթղթերի՝ 2021 թվականի մարտի 21-ին «Կրոկուսի» վրա հարձակման կատարողներից մեկը՝ Ֆարիդունին, ժամանել է Գադոևի կողմից նշված վայր, որը գտնվում է Դմիտրովի մայրուղու վրա՝ Մոսկվայի օղակաձև ճանապարհից 15 կմ հեռավորության վրա և նրանից վերցրել է 3 Կալաշնիկով ինքնաձիգ, 1 Մակարով ատրճանակ և առնվազն 1381 փամփուշտ։ Հանցագործը զենքն ու զինամթերքը բեռնել է իր Renault մակնիշի մեքենան և տեղափոխել Կրասնոգորսկի Պուտիլկովո գյուղում գտնվող վարձակալած բնակարան՝ պահելու և ահաբեկչության ժամանակ հետագայում օգտագործելու համար։

«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը կատարվել է 2024 թվականի մարտի 22-ին։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ դրա զոհ է դարձել 149 մարդ։ Ահաբեկչությունից հետո չորս կատարողները՝ Մուհամադսոբիր Ֆայզովը, Դալերջոն Միրզոևը, Սաիդակրամի Ռաչաբալիզոդան և Շամսիդին Ֆարիդունին, փորձել են թաքնվել Ուկրաինայում, սակայն ձերբակալվել են Բրյանսկի մարզի տարածքում և տեղափոխվել Մոսկվա։