Ըստ CNN-ի՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես, վստահ է եղել, որ օրեր հետո կհասնեն գործարքի, որը վերջ կդնի Գազայում տեղի ունեցող մարտերին, կապահովի պատանդների ազատ արձակումը և թույլ կտա հումանիտար օգնություն հասցնել սովից մահացող մարդկանց։
Հիմա, կարծես, Թրամփի լավատեսությունը մարել է։ Այս շաբաթ նախագահը հետ է կանչել իր բանակցողներին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եզրակացրել է, որ ՀԱՄԱՍ-ը «չի համակարգում իր գործողությունները» և «բարեխղճորեն չի գործում»։ Թրամփի Մերձավոր Արևելքի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ուսումնասիրում են «պատանդների ազատ արձակման այլընտրանքային տարբերակներ»։
Անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչերի փոխարեն՝ ուրբաթ օրը Թրամփը հասկացրել է, որ Իսրայելի պետք է ակտիվացնի ռազմական արշավը, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ Գազայում սովամահ երեխաների լուսանկարներն աճող վրդովմունք են առաջացնում ամբողջ աշխարհում, փոխանցում է CNN-ը։
«Ես կարծում եմ, որ նրանք ուզում են մեռնել և դա շատ, շատ վատ է», - ասել է Թրամփը ՀԱՄԱՍ-ի մասին՝ Շոտլանդիա հանգստի մեկնելուց առաջ։ «Գործը հասել է նրան, որ դուք ստիպված եք այն ավարտին հասցնել»։
Բայց նրա խոսքերը վկայում են այն մասին, որ նա քիչ բան կանի Գազայում Իսրայելի 21-ամսյա ռազմական արշավը դադարեցնելու համար՝ չնայած աճող հումանիտար ճգնաժամին, ինչի պատճառով ՄԱԿ-ի պաշտոնյաներից մեկն այս շաբաթ Գազայի բնակիչներին անվանել է «քայլող դիակներ»։ Թրամփը հրաժարվել է մանրամասներ հաղորդել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր վերջին զրույցների մասին, ում գործողություններն այս ամիս Գազայում և Սիրիայում զարմացրել և հիասթափեցրել են իրեն՝ դրանք անվանելով «որոշակի առումով հիասթափեցնող»։
«Նրանք ստիպված կլինեն կռվել և նրանք ստիպված կլինեն կարգուկանոն հաստատել։ Դուք պետք է ազատվեք նրանցից»,- ասել է Թրամփը՝ խոսելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության մասին։
Ինչպես ընդգծում է CNN-ը, սա նախագահի կողմից վճռական ճանաչումն է այն բանի, որ հրադադարի մասին նոր համաձայնագրի հասնելու նրա փորձերը, որոնք, թվում էր, թե այս ամսվա սկզբին գտնվում էին եզրափակիչ փուլում, հաջողությամբ չեն պսակվել։ Գազայի հակամարտությանը վերջ դնելու անկարողությունը, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու համար նրա զուգահեռ պայքարը, հիասթափեցրել են Թրամփին, որը պայքարում է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։
Սակայն նրա հոռետեսությունը լիովին չի համապատասխանել տարածաշրջանից ստացված այլ ազդակներին։ Եգիպտոսն ու Կատարը հայտարարել են, որ առաջ են շարժվելու Գազայում կայուն հրադադարի հասնելու միջնորդության գործում՝ բանակցությունների վերջին դադարը որակելով «նորմալ՝ այս բարդ բանակցությունների համատեքստում»։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հրապարակած համատեղ հայտարարության մեջ։
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ բանակցությունները «բոլորովին էլ չեն ձախողվել» և ասել է, որ դրանք վերսկսելու հնարավորություն դեռ կա։ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ հույս են հայտնել, որ նախագահի ուրբաթ օրվա մեկնաբանությունները, ինչպես նաև Ուիթքոֆի հինգշաբթի օրվա հրադադարի բանակցություններից դուրս գալու որոշումը՝ ՀԱՄԱՍ-ին կդրդեն ավելի հաշտարար դիրքորոշում որդեգրել բանակցություններում։




























