ՄԱԿ-ի պարենային օգնության ծրագիրը զգուշացրել է, որ Գազայի հատվածի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչ օրեր շարունակ սնունդ չի ստանում, հայտնում է BBC News-ը։
Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «թերսնման մասշտաբներն աճում են, և 90 000 կին ու երեխա շտապ բուժման կարիք ունեն»։
Ուրբաթ օրը Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Իսրայելին կոչ են արել «անհապաղ վերացնել Գազայի հումանիտար օգնության մուտքի սահմանափակումները»։
Համատեղ հայտարարության մեջ նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել «Գազայում մարդասիրական աղետը, որի ականատեսն ենք լինում» և պատերազմն ինքնին՝ հավելելով, որ Իսրայելը պետք է «կատարի միջազգային մարդասիրական իրավունքով իր պարտավորությունները»։
«Քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելուց հրաժարվելն անընդունելի է», - ասվում է հայտարարության մեջ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ իր հերթին հայտարարել է, որ չի կարող «բացատրել անտարբերության և անգործության այն մակարդակը, որը մենք տեսնում ենք միջազգային հանրության շատ ներկայացուցիչների մոտ, կարեկցանքի, ճշմարտության, մարդկայնության բացակայություն»։
Ներկայանալով «Amnesty International»-ի գլոբալ ասամբլեային՝ նա ասել է, որ մայիսի 27-ից ավելի քան 1000 պաղեստինցի է սպանվել՝ սնունդ ստանալու փորձ կատարելիս։ Դա եղել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ ստեղծված Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF) սկսել է սնունդ բաժանել՝ որպես ՄԱԿ-ի գլխավորած համակարգի այլընտրանք։




























