Եվրամիությունը, կարծես, մոտ է Դոնալդ Թրամփի հետ առևտրային համաձայնագիր կնքելուն՝ այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ կիրակի օրը հանդիպելու է ԱՄՆ նախագահի հետ Շոտլանդիա կատարած նրա չորսօրյա այցի ընթացքում, գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ Թրամփը ուրբաթ երեկոյան ժամանել է Շոտլանդիա՝ նախքան Աբերդինշիրում իր նոր գոլֆի դաշտի բացումը։ Նա ասել է, որ շաբաթ օրը նախատեսում է հանդիպել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ։
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Ֆոն դեր Լեյենի այցը տեղի կունենա Թրամփի հրավերով։ Իռլանդիայի վարչապետ Միշել Մարտինը ուրբաթ օրը հայտարարել է, որ «համաձայնագիրը, հուսով եմ, կստորագրվի մինչև շաբաթվա վերջ»։
Ինքնաթիռից իջնելուց հետո Թրամփը Ֆոն դեր Լեյենին բնութագրել է որպես «շատ հարգված կին», ասել է, որ գործարքի համար «50/50 լավ հնարավորություններ» կան և նշել, որ «խնդիրները կապված են, թերևս, 20 տարբեր բաների հետ»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ «դա ամենամեծ գործարքը կլինի, եթե մենք այն կնքենք»։
Թրամփը ակնարկել է, որ ցանկանում է ավելի շատ զիջումներ ստանալ ԵՄ-ից՝ նշելով, որ Ճապոնիան Բրյուսելից ավելի քիչ շանսեր ուներ գործարք կնքելու, բայց այն հաջողության հասավ՝ ԱՄՆ-ին ավելի շատ բան առաջարկելով։ Նա նաև քննադատել է այն, ինչը նա անվանել է «հողմաղացներ» (քամու էլեկտրակայաններ), որոնք, ըստ նրա, «ոչնչացնում են ձեր գեղեցիկ դաշտերը և սպանում ձեր թռչուններին» և քննադատել է ԵՄ-ում ներգաղթի մակարդակը՝ այն անվանելով «Եվրոպային սպառնացող ներխուժում»։
Ֆոն դեր Լեյենը նշել է, որ Շոտլանդիա ժամանելուց առաջ «լավ զրույց» է ունեցել Թրամփի հետ և նրանք «պայմանավորվել են կիրակի օրը հանդիպել Շոտլանդիայում և քննարկել անդրատլանտյան առևտրային հարաբերությունները և այն, թե ինչպես կարող ենք դրանք ուժեղ պահել»։




























