Առնվազն 21 մարդ է սպանվել կիրակի օրը Կոնգոյի արևելքում գտնվող եկեղեցու վրա «Իսլամական պետությանն» աջակցող զինյալների հարձակման հետևանքով, հայտնում է Associated Press-ը։

Հարձակումն իրականացրել են «Միացյալ դեմոկրատական ուժերի» (ՄԴՈՒ) անդամները՝ գիշերվա ժամը մեկի սահմաններում, Կոնգոյի արևելյան մասում գտնվող կաթոլիկ եկեղեցու տարածքում։ Այրվել են նաև մի քանի տներ ու խանութներ։

«Ավելի քան 21 մարդ գնդակահարվել է ներսում և դրսում, և մենք արձանագրել ենք առնվազն երեք ածխացած մարմին և մի քանի այրված տուն։ Սակայն որոնումները շարունակվում են», - Associated Press-ին հայտնել է քաղաքացիական հասարակության համակարգող Դյոդոնե Դուրանտաբոն։

Այս ամսվա սկզբին խմբավորումը տասնյակ մարդկանց էր սպանել Իտուրիում, ինչը ՄԱԿ-ի ներկայացուցիչը որակել էր որպես արյունալի սպանդ։

Կոնգոյի բանակի ներկայացուցիչը Իտուրի նահանգում հաստատել է 10 մարդու մահը։

«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ մաչետեներով զինված մարդիկ ներխուժել են եկեղեցի, որտեղ սպանվել է մոտ 10 մարդ, իսկ որոշ խանութներ այրվել են», - ասել է լեյտենանտ Ժյուլ Նգոնգոն՝ ԿԴՀ բանակի ներկայացուցիչը Իտուրիում։

«Իսլամական պետության» հետ կապված ՄԴՈՒ-ն խմբավորում է, որը գործում է Ուգանդայի և Կոնգոյի սահմանին և պարբերաբար հարձակումներ է իրականացնում խաղաղ բնակչության վրա։