Ավստրիայի ԱԳ նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է, որ չեզոքությունն այլևս չի երաշխավորում Ավստրիայի անվտանգությունը, և կոչ է արել բաց բանավեճ սկսել երկրի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության շուրջ, հայտնում է Die Welt-ը։

Նրա կարծիքով, Ռուսաստանն ավելի ագրեսիվ է դարձել, իսկ համաշխարհային անվտանգության իրավիճակը գնալով ավելի անկանխատեսելի է դառնում։ Քննարկման առիթ է հանդիսացել Դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Էմիլ Բրիքսի հայտարարությունը, որն Ավստրիային առաջարկել է դիտարկել Դաշինքին անդամակցելու հեռանկարը։

Գործակալությանը տված հարցազրույցում Մայնլ-Ռայզինգերն ընդգծել է, որ այս հարցն այլևս չի կարելի անտեսել։ Նա ասել է, որ չեզոքությունն ինքնին չի պաշտպանում, և որ «համաշխարհային անվտանգության ոլորտում ավելի ու ավելի անորոշ իրավիճակի և առավել ագրեսիվ Ռուսաստանի պայմաններում Ավստրիան պաշտպանվում է իր պաշտպանական ներուժում կատարվող ներդրումների և գործընկերային հարաբերությունների միջոցով»։

Թեև խորհրդարանում և ավստրիական հասարակության մեջ մեծամասնությունը ներկայումս չի պաշտպանում ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը, Մայնլ-Ռայզինգերը մարդկանց կոչ է անում չվախենալ քննարկումներից։

Ըստ նրա, երկիրն արդեն հեռացել է չեզոքության դասական ընկալումից՝ 1995 թվականին ԵՄ-ին անդամակցելու պահից ի վեր։

Նա ընդգծել է, որ միևնույն ժամանակ զգալի ներդրում են ունենում եվրոպական անվտանգության գործում՝ զինվորներ ուղարկելով ԵՄ բազմաթիվ խաղաղապահ առաքելությունների և անելով հնարավոր ամեն ինչ՝ ընդհանուր եվրոպական անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը ֆինանսական, ռազմական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու համար։