ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Х սոցցանցում հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոյին չի ճանաչում Վենեսուելայի նախագահ։

Նրա կարծիքով, Մադուրոյի ռեժիմը նույնպես օրինական կառավարություն չէ։

«Մադուրոն Վենեսուելայի նախագահը չէ, և նրա ռեժիմը օրինական կառավարություն չէ։ Մադուրոն «Լոս Սոլես» նարկոկարտելի՝ նարկոահաբեկչական կազմակերպության ղեկավարն է, որը զավթել է իշխանությունը երկրում։ Եվ նա մեղադրվում է Միացյալ Նահանգներ թմրանյութեր մատակարարելու մեջ», - գրել է Ռուբիոն։

Այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում, Վենեսուելայում համայնքային ընտրությունների կապակցությամբ, հայտարարություն է հայտնվել Մադուրոյի հասցեին նմանատիպ մեղադրանքներով։

«Տարիներ շարունակ Մադուրոն և նրա կամակատարները շահարկել են Վենեսուելայի ընտրական համակարգը՝ իրենց անօրինական իշխանությունը պահպանելու համար։ Հուլիսի 28-ի գողացված նախագահական ընտրությունների տարելիցի նախօրեին համայնքային ընտրություններ նշանակելով՝ ռեժիմը կրկին մտադիր է գործի դնել բանակն ու ոստիկանությունը՝ ճնշելու վենեսուելացի ժողովրդի կամքը։

Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել իր գործընկերների հետ՝ պատասխանատվության ենթարկելու Մադուրոյի կոռումպացված, հանցավոր և ոչ լեգիտիմ ռեժիմը։ Նրանք, ովքեր կեղծում են ընտրությունների արդյունքները և ուժ են կիրառում իշխանությունը զավթելու համար, խարխլում են Ամերիկայի ազգային անվտանգության շահերը», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։