Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիները մտադիր են իրենց զենքի հասանելիության գոտում հարվածներ հասցնել Իսրայելի նավահանգիստների հետ աշխատող բոլոր ընկերությունների նավերին։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը որոշում են կայացրել ուժեղացնել իրենց ռազմական գործողությունները՝ [պաղեստինցիներին] աջակցելու նպատակով և սկսել հակառակորդի ծովային շրջափակման չորրորդ փուլի իրականացումը, որը նախատեսում է հարվածներ հասցնել ցանկացած ընկերության բոլոր նավերին, որոնք աշխատում են իսրայելական նավահանգիստների հետ, անկախ նրանց ազգային պատկանելությունից և զինված ուժերի հասանելիության սահմաններում գտնվելու վայրից», - ասել է Սարիան, ում ուղերձը հեռարձակել է հուսիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։





























