Դանիական ներկեր և լաքեր արտադրող Flügger ընկերությունների խումբը հետաքննության տակ է հայտնվել Ռուսաստանում արտադրանքի վաճառքի բացահայտումից հետո։ Հետաքննության մասին հաղորդում է դանիական Politiken պարբերականը։
Հունիսի վերջին Ազգային առանձնահատուկ հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը (NSK) Կոպենհագենում իրականացրել է ձերբակալման և խուզարկության գործողություն՝ դանիական ընկերության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր շրջանցման գործի առնչությամբ։
NSK-ն հաղորդում է, որ խուզարկություններ են իրականացվել երեք հասցեներում, և երկու անձ ձերբակալվել է, որոնք հարցաքննությունից հետո ազատ են արձակվել։
Ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում հաստատել է հետաքննությունը և հայտնել, որ Ղազախստանի, Էստոնիայի, Ադրբեջանի և Ղրղզստանի դիստրիբյուտորներն իրեն խաբել են։
Flügger -ը հայտարարել է, որ այս ձմռանն ընկերությունը դադարեցրել է Ղազախստանի, Էստոնիայի, Ադրբեջանի և Ղրղզստանի դիստրիբյուտորների հետ համագործակցությունը։ Դա կասկածների վերաբերյալ հետաքննության արդյունք էր, ըստ որի, մեկ կամ մի քանի դիստրիբյուտորներ, խախտելով համագործակցության համաձայնագրերը, Flügger-ի արտադրանքը գովազդում և վերավաճառում էին Ռուսաստանի շուկայում։
Ընկերությունում կասկածում են, որ Ռուսաստան վերավաճառքը իրականացվել է մեկ կամ մի քանի դիստրիբյուտորների միջոցով, ուստի Ղազախստանի, Էստոնիայի, Ադրբեջանի և Ղրղզստանի դիստրիբյուտորների հետ համագործակցությունը դադարեցրել է։




























