Կոլումբիայի դատարանը երկրի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին մեղավոր է ճանաչել վկային կաշառելու մեջ։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումն իրականացվել է «El Tiempo» թերթի կայքում։

«Կարելի է դատախազության դիրքորոշմանը նման եզրակացություն անել, առ այն, որ քրեական դատավարության շրջանակներում վկա Խուան Գիլյերմո Մոնսալվեին կաշառելու տեսքով քրեորեն պատժելի արարքի կատարումը ապացուցված է», - դատավոր Սանդրա Էրեդիան ընթերցել է որոշումը։

Ուրիբեն նաև մեղավոր է ճանաչվել արդարադատության մարմիններին խաբելու մեջ։ Ինչպես հայտարարվել է նիստի ժամանակ՝ դատարանը քաղաքական գործչին նշանակված պատիժը կհրապարակի ուրբաթ օրը։ Ըստ Էրեդիայի, 73-ամյա Ուրիբեն կկարողանա հույս դնել բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու վրա։ Կոլումբիայի նախկին նախագահը հերքում է իր մեղքը։ Նրա փաստաբաններն արդեն հաստատել են, որ բողոքարկելու են որոշումը։

2012 թվականին Ուրիբեն հայց է ներկայացրել սենատոր Իվան Սեպեդայի դեմ՝ մեղադրելով նրան իր դեմ ցուցմունքները կեղծելու մեջ։ Սակայն դատարանը հետաքննություն է սկսել հենց նախկին նախագահի նկատմամբ։ Հետաքննության վարկածով՝ նա կաշառել է վկաներին՝ Սեպեդայի դեմ ցուցմունք տալու համար, ով Ուրիբեին մեղադրել է նաև ռազմականացված խմբավորումների և թմրավաճառների հետ կապեր ունենալու մեջ։

Ուրիբեն 2002-ից 2010 թվականներին զբաղեցրել է նախագահի պաշտոնը։