«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 19-ին ցուցմունք տվեցին Արմավիրի ոստիկանության երեք աշխատակից՝ Թոռնիկ Պողոսյանը, Զավեն Օհանյանն ու Կարեն Մկրտչյանը:
Ոստիկան վկաներն ակնհայտորեն լավ չէին սերտել իրենց դասը եւ մեկը մյուսի ետեւից անեհթեթ ու իրարամերժ ցուցմունքներ էին տալիս:
Ոստիկանները պատմում էին 2008թ. մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ուենցած դեպքերի մասին՝ պաշտպանների ամեն 2-րդ հարցին «Չեմ կարա ասեմ» կամ «Դե տարիուկես անցել ա» պատասխանելով: Թոռնիկ Պողոսյանն, օրինակ հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը Մյասնիկյանի արձանի մոտ է եկել Դավիթ Շահնազարյանի եւ փոխոստիկանապետերի բանակցություններից երկու ժամ անց, իսկ Կարեն Մկրտչյանը՝ 20 րոպե անց: Պողոսյանի պատմելով՝ Նիկոլը գալուն պես հայտարարել է. «Ոչ մի տեղ չենք գնում, զինվում ենք ինքնապաշտպանվելու համար», իսկ Զավեն ՕՀանյանը՝ «Ոչ մի տեղ չենք գնում, բարիկադավորվում ենք»: Պողոսյանի պատմելով՝ իրենք մոտ 30 հոգի են եղել, որ, խուսափելով հարձակվողներից, պատսպարվել են Երեւանի քաղաքապետարանում, իսկ Օհանյանի պատմելով՝ ոստիկանները երկու անգամ շատ են եղել:
3 ոստիկաններից, սակայան, ամենաողբալի վիճակում Զավեն Օհանյանն էր: Բարձրագույն կրթությամբ եւ աշխատանքի երկարամյա փորձ ունեցող ոստիկանը այդպես էլ չկարողացավ իրարից տարբերել զրահամեքենան եւ ջրցանը: Համեմատության համար ասենք, որ նույնն է, որ մարդը չկորղանա տարբերել Մերսեդեսն ու Զապորոժեցը: Օհանյանը, որ, իր խոսքով, տեւական ժամանակ եղել է Մյասնիկյանի արձանի մոտ, այդպես էլ չկարողացավ պատասխանել շինհրապարակի մասին, որը մոռանալը բավական դժվար է: «Պահանջում եմ՝ դադարեցնել ծիծաղը»,- դահլիճից հնչող ծիծաղից մի պահ զայրացավ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որն ինքն էլ չէր կարողանում պահել իր ծիծաղը:
Ի դեպ, ընդմիջումից հետո մեղադրող կողմը հրաժարվեց իր մնացած բոլոր՝ մոտ երկու տասնյակ, վկաներից՝ դատարանից խնդրելով նրանց ցուցմունքները որպես ապացույց չդիտել:
«Մեր կարծիքով, դա տրամաբանական որոշում էր, որովհետեւ այն հակասությունները, որ արդեն իսկ կային հարցաքննված վկաների ցումունքում, ստիպեցին մեղադրող կողմին՝ հրաժարվել հետագա խայտառակությունից»,- NEWS.am-ի հետ զրույցում Կորյուն Փիլոյանի քայլը մեկնաբանեց Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Նշենք, որ դատական նիստը հետաձգվել է մինչեւ նոյեմբերի 26-ը, ժամը 12-ը, երբ պիտի ցուցմունք տա ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























