Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) և Արդարադատության նախարարությունը տիրապետում են ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի մահվան գիշերը բանտախցից կատարված տեսահսկման ամբողջական տեսագրությանը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Daily Mail թերթը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրի։

Ըստ թերթի տեղեկությունների՝ հուլիսի 7-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է 11-ժամանոց տեսագրություն, որում երևում է ֆինանսիստի խցի մոտ գտնվող միջանցքը՝ նրա մահվան գիշերը։ Սա պետք է ապացուցեր, որ Էփշտեյնի դեմ մահափորձ չի եղել։ Սակայն հրապարակված տեսանյութում մեկ րոպեանոց բացակայություն է եղել, ինչը մեծ թվով վեճեր և ենթադրություններ է առաջացրել տեղեկատվություն թաքցնելու մասին։ Հուլիսի 8-ին ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հարցաքննվել է ժապավենում բացակայող հատվածի վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ Բանտերի դաշնային բյուրոն իրեն տեղեկացրել է, որ ներկայացված տեսագրության մեջ մեկ րոպեն պակասում է տեսախցիկի ժապավենը փոխելու գործընթացի պատճառով։

Ինչպես նշում է Daily Mail-ը՝ անհասկանալի է, թե ինչու միանգամից չի հրապարակվել ամբողջական տեսագրությունը, եթե այն եղել է ՀԴԲ-ում։

Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ձերբակալվել է Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել է ապացույցների առկայության մասին, որոնք վկայում են այն մասին, որ 2002-2005 թվականներին նրա Մանհեթենի տուն տասնյակ անչափահաս աղջիկներ են այցելել, որոնցից ամենափոքրը 14 տարեկան է եղել։ Էփշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ընդգրկված են եղել մեծ թվով գործող և պաշտոնաթող պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև բազմաթիվ այլ երկրներից (ներառյալ պետությունների նախկին ղեկավարներ), խոշոր ձեռնարկատերեր և շոու-բիզնեսի աստղեր։ Ֆինանսիստի քրեական հետապնդումը ԱՄՆ-ում դադարեցվել է նրա ինքնասպանությունից հետո, որը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 10-ին՝ բանտախցում։