«Լույս» հիմնադրամը հրապարակել է Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Թորոսյանի «Յո՞ երթաս, Հայաստան-2025. Կառավարելի քաոս, կործանարար արտաքին հարաբերություններ, փլուզված քաղաքական համակարգ» հոդվածաշարի առաջին՝ «Կառավարելի քաոս» հոդվածը, որը ներկայացնում ենք ստորեւ.
Հսկայական փոփոխություններ առաջ եկան, ուշագրավ երևույթներ։ Եվ հանրածանոթ իրողություն է, որ այս դեպքերը զարգացան բոլորովին հակառակ մեր տրամադրություններին՝ արտաքին իրողությունների թելադրությամբ։ Մենք անզոր եղանք ուղղություն տալ դրանց։ Այս նշանակում է, որ ներքուստ մենք պատրաստ չէինք դեպքերի իմաստը հասկանալուն, դրանք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելուն։
Գարեգին Նժդեհ
Հոգևոր ծուլությամբ պայմանավորված մտավոր մակերեսայնությունը, ահա, խեղդում է մեզ։
Այսօր մեր կյանքի որ կողմն էլ վերցնենք, գիտականության փոխարեն հանդիպում ենք բանդագուշանքի, մտածումի փոխարեն՝ հույզի, ձևի փոխարեն՝ քաոսի, կազմակերպության փոխարեն՝ անկանոնության։
Հայկ Ասատրյան
Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝ անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար․․․
Եղիշե Չարենց
1․ Կառավարելի քաոս
Նախաբան
Հայաստան աշխարհն ապրում է իր պատմության թերևս ամենաողբերգական ու ամենաամոթալի շրջանը։ Հերթական անգամ բնաբանում հիշեցնելով Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի և Եղիշե Չարենցի՝ միգուցե անողոք, սակայն խիստ ճշգրիտ գնահատականները մոտ մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, պետք է արձանագրել, որ բարդ ու կործանարար ներքին և արտաքին մարտահրավերները ոչ միայն չեն փոխվել, այլև ավելի են խորացել, ու սահմանափակվել են դրանց հաղթահարման հնարավորությունները։
Անկախության վերականգնման արշալույսից ի վեր թույլ տրված մի շարք լուրջ սխալների կուտակման հետևանքով 2018թ. հակասահմանադրական իշխանափոխությամբ ձևավորված ապազգային, աստվածուրաց, անհավատ, արժեզուրկ, ընչաքաղց ու տգետ իշխանությունն անհագուրդ մոլագարությամբ գործում է այնպիսի ավերներ, որոնք ոչ միայն փորձում են ոչնչացնել իրենցից առաջ անքննելի համարված հիմնարար արժեքները (Արցախի պետականություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի, Հայաստանի Հանրապետություն), այլև ամեն ջանք գործադրում են պղծելու և արժեզրկելու համար այն հիմքերը (ազգ, հայրենիք, ընտանիք, դավանանք, նվիրում, բարոյականություն, պետական ինքնիշխանություն, կրթություն, գիտություն), որոնց հիման վրա է միայն հնարավոր կանխել վերջնական կործանումն ու բարդ, տևական ու ծանր աշխատանքով վերականգնել աղետաբեր կորուստները։
Հայաստանը հայտնվել է ոչ միայն ներքին նողկալի դավադրությունների, հակասահմանադրական քաղաքական խրախճանքների, ստի, կեղծիքի, աճպարարությունների ու խեղկատակության, այլև արտաքին բարդ մարտահրավերների հորձանուտում։ Աղետալի իրավիճակը շարունակաբար խորանում է, քանի որ իրադարձությունները զարգանում են աննախադեպ միջազգային գործընթացների՝ եռաբաղադրիչ (գլոբալացում, հետխորհրդային տրանսֆորմացիա և նոր աշխարհակարգի ձևավորում) բարդ տրանսֆորմացիայի ավարտական փուլի պայմաններում։
Նման իրավիճակների հաղթահարման համար պահանջվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին գործընթացների, դրանցից բխող մարտահրավերների ու դրանց հաղթահարման հնարավորությունների լիարժեք ու հիմնավոր գնահատում։ Այդ խնդրի լուծման նպատակով անհրաժեշտ է առանձին-առանձին դիտարկել նախ իրադարձությունների զարգացումը աշխարհաքաղաքական միջավայրում, ապա ներպետական հարաբերությունների շրջանակում և երրորդ՝ դրանք միմյանց կապող հարթությունում՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը վերլուծելով որպես արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ներքին հնարավորությունների ձևավորման ու օգտագործման արդյունավետության/ անարդյունավետության բացահայտման միջոց։ Ընդ որում, նախ անհրաժեշտ է ներկայացնել նոր աշխարհակարգի ձևավորման միտումները, դրանց հիմնական ազդեցությունները պետությունների արտաքին հարաբերությունների ու ներքաղաքական համակարգերի վրա, այդ ազդեցություններին դիմակայելու իրական հնարավորություններն ու անհաջողության կործանարար հետևանքները։ Այնուհետև հաջորդ հրապարակումներում, անհրաժեշտ կլինի ներկայացնել Հայաստանի ներքաղաքական աղետալի վիճակից բխող մարտահրավերներն ու դրանց անհապաղ հաղթահարման անհրաժեշտությունն ու հնարավորությունները, ինչպես նաև արտաքին քաղաքական հարթությունում Հայաստանի գործունեության հետևանքներն այդ մարտահրավերների լուծման կամ խորացման վրա։
Նոր աշխարհակարգ. կառավարելի քաո՞ս
1980-ականների վերջին Արևելյան Եվրոպայում ու Խորհրդային Միության բալթյան և հարավկովկասյան հանրապետություններում իրադարձությունների զարգացման միտումները ցույց էին տալիս, որ, ամենայն հավանականությամբ, սառը պատերազմը կավարտվի Միացյալ Նահանգների հաղթանակով և կհաստատվի միաբևեռ աշխարհակարգ: Իսկ 1990-ականների սկզբին աշխարհաքաղաքականության ոլորտում հայտնի ամերիկացի գիտնականներն արդեն սկսեցին քննարկել այն հարցը, թե «ինչ պետք է անի Միացյալ Նահանգներն իր նոր [միաբևեռ աշխարհակարգի առաջնորդի - Տ.Թ.] դերում»։
1990 թվականին Չ. Կրաուտհամերն առաջիններից էր, ով կանխագուշակում էր միաբևեռ աշխարհակարգի ձևավորումը։ Միաժամանակ, նա զգուշացնում էր. «Եթե Ամերիկան չկործանի իր տնտեսությունը, միաբևեռությունը կարող է տևել երեսուն կամ քառասուն տարի» (Krauthammer 1990):
13 տարի անց գնահատականը մի փոքր այլ էր․ «Միաբևեռ դարաշրջանի ապագան կախված է նրանից, թե արդյո՞ք Ամերիկան կկառավարեն նրանք, ովքեր ցանկանում են պահպանել, բազմապատկել և օգտագործել միաբևեռությունը ոչ միայն ամերիկյան, այլև գլոբալ նպատակներին հասնելու համար, թե՞ Ամերիկան կկառավարեն նրանք, ովքեր ցանկանում են հրաժարվել դրանից՝ կամ թույլ տալով, որ միաբևեռությունը քայքայվի, քանի որ նրանք նահանջում են ամերիկյան ամրոց, կամ բեռը տեղափոխելով իրենց վրա՝ աստիճանաբար իշխանությունը կփոխանցեն բազմաբևեռ ինստիտուտներին՝ որպես ամերիկյան հեգեմոնիայի ժառանգորդների... Ընտրությունը մերն է»։ (Krauthammer 2003):
Բայց պարզվեց, որ ընտրությունն արդեն արվել էր դեռևս երկբևեռ աշխարհակարգի փլուզումից առաջ՝ համաշխարհային գիտության և զարգացման միտումների ազդեցության ներքո: Անցած դարում մաթեմատիկայի և ֆիզիկայի ամենակարևոր հայտնագործություններից մի քանիսը, ինչպիսիք են քվանտային ֆիզիկան կամ հարաբերականության տեսությունը, պահանջում էին ոչ գծային, դետերմինիստական, դինամիկ համակարգերի հետազոտման նոր գործիքների մշակում (Capra 1996), քանի որ այս բարդ բնական երևույթների մի շարք դրսևորումներ դուրս էին գալիս նախկինում կիրառվող հարացույցի (պարադիգմի) շրջանակներից (Geyer 2003)։ Այդ հարացույցը հիմնված է չորս հիմնական սկզբունքների վրա՝ կարգ, ռեդուկցիոնիզմ, կանխատեսելիություն և դետերմինիզմ: Այն մշակվել է կանխատեսելի համակարգերի համար, որոնք հիմնված են գծային մոտեցումների վրա, և որտեղ պատճառներն ու հետևանքները միշտ կապված են դիֆերենցիալ հավասարումներով նկարագրվող վարքի համամասնական օրենքներով: Սակայն նոր մոտեցումը ցույց տվեց, որ այդ նորահայտ երևույթների պատճառների և հետևանքների միջև համաչափություն չկա՝ փոքր պատճառները երբեմն կարող են հանգեցնել մեծ հետևանքների: Նման համակարգերի ուսումնասիրման համար առաջարկվել է այլ մոտեցում:
Արդեն 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին սկսեց ձևավորվել գիտության նոր ոլորտ՝ քաոսի տեսությունը (Feigenbaum 1978; Prigogine and Stengers 1984; Lorenz 1984; 1993; և այլն), որտեղ «քաոսը» սահմանվում է որպես դինամիկ համակարգ, որը դրսևորում է դետերմինիստական բարդ վարք, որն անկանոն է և ոչ պարբերական՝ պատահական դրսևորմամբ, բայց պահպանում է թաքնված կարգը (Plaza i Font and Dandoy 2006): Այս տեսության առանցքային հասկացություններից մեկը «բիֆուրկացիայի կետն» է։ Դա այն կետն է, որը անցնելուց հետո համակարգի հետագիծը դառնում է անորոշ, այն մտնում է անորոշության տիրույթ, որտեղ համեմատաբար հեշտ է դրան ուղղորդել այս կամ այն ուղղությամբ։ Դա կրիտիկական պահ է, երբ համակարգի հետագիծը կարող է անընդհատ փոխվել, և համակարգի զգայնությունը (արձագանքը ազդակներին) ուժեղանում է: Համակարգի քաոսային բնույթը դրսևորվում է ավելի արմատապես՝ համակարգը մոտեցնելով այսպես կոչված քաոսի սահմանին (Lewin 1992): Ընդհուպ մինչ այդ պահը համակարգի հետագիծը կարող է համապատասխանել լիովին կանխատեսելի սցենարի։ Այնուամենայնիվ, երբ այն հասնում է բիֆուրկացիայի կետին, խախտվում է նախկին կարգը, և համակարգը սկսում է ղեկավարվել վարքի այնպիսի մոդելներով, որոնք ավելի քիչ կանխատեսելի են, քան նախկինում երբևէ: Անցումից անմիջապես առաջ և անմիջապես հետո կարգերի միջև կապը բոլորովին էլ պարզ չէ (Lаszlo 1990), և դա օրինակ է այն բանի, թե որքան կանխորոշված և անկանխատեսելի կարող է լինել քաոսային համակարգը: Ոչ գծային դինամիկ համակարգերում բիֆուրկացիան ենթադրում է համակարգի վարքի փոփոխություն՝ մի ատտրակտորից մյուսին (բիֆուրկացիայի կետից քաոսային տիրույթի ավարտի կետին) անցնելիս (Lаszlo 1990): Այս կետերում համակարգերի դրսևորած ծայրահեղ զգայնությունը նրանց դարձնում է տխրահռչակ, տրանսցենդենտալ և եզակի պատմական իրադարձություններ գեներացնող (Plaza i Font and Dandoy 2006):
Քաոսի տեսությունը մշակել, կիրառել և կատարելագործել են բնական գիտությունների ներկայացուցիչները։ Նրանք նաև նախաձեռնել են դրա կիրառումը հասարակական գիտությունների, մասնավորապես՝ քաղաքագիտության ոլորտում։ Մի կողմ թողնելով ուսումնասիրությունները, որոնք պարզապես օգտագործում են քաոսի եզրաբանությունը՝ համապատասխան գործընթացները նկարագրելու համար, արժե դիտարկել քաղաքական գործընթացների բարդ, ոչ գծային մոդելավորման երկու ուղղություններ:
Առաջին ուղղությունն ընդգրկում է հետազոտություններ, որոնց արդյունքների հիման վրա որոշ հետազոտողներ պնդում են, որ Քաոսի տեսության հասկացություններն ու գործիքներն իրենց էությամբ քաղաքագիտության անբաժանելի մասն են կազմում (Farazmand 2003), քանի որ վերջին երեք տասնամյակների որոշ գործընթացների բարդությունն ու ընդգրկուն բնույթը (գլոբալացում, փոփոխվող աշխարհակարգ, հետխորհրդային տրանսֆորմացիա և այլն) պահանջում են նոր մոտեցումների կիրառում՝ հետազոտությունների արդյունավետությունն ապահովելու համար: Հատկանշական է Քաոսի տեսության կիրառումը ընտրությունների և կուսակցությունների ուսումնասիրության (Weisberg 1998) և հատկապես Եվրոպական ժողովրդական կուսակցությանը 1991 թվականից հետո Արևելյան Եվրոպայի երկրներից նոր կուսակցությունների միանալու արդյունքում գաղափարախոսության էվոլյուցիայի ուսումնասիրության վերլուծության նպատակով (Plaza i Font 2006):
Հայտնի է նաև, որ դրա կիրառումը գլոբալացման ու պետական կառավարման կապի (Farazmand 1999), տրանսֆորմացիաների (Farazmand 2003), քաղաքական համակարգերի (Ismael and Ismael 1993), պետական քաղաքականության և կառավարման (Kiel 1989; 1993; 1994; Brown 1994; Peled 2000), աղետաբեր գործընթացների ու դրանց վերաբերյալ տեսությունների (Brown 1995) և կառավարման առավել անկանոն ու քաոսային մոդելի' ժողովրդավարության (Peled 2000) ուսումնասիրության նպատակով: Շատ հետազոտողներ (Borodkin 2001) ընդգծում են «Քաոսի տեսությունը հասարակական գիտություններում» հոդվածների ժողովածուի հիմնարար նշանակությունը (Kiel & Elliott 1996): Այն ամենաշատ մեջբերված աշխատությունն է այն հեղինակների հրապարակումներում, ովքեր գրում են սոցիալական և հումանիտար հետազոտություններում Քաոսի տեսության կիրառման տարբեր ասպեկտների մասին։ Ժողովածուն բաղկացած է չորս մասերից: Այդ մասերից մեկը կոչվում է «Քաոսի տեսություն և քաղաքագիտություն» և պարունակում է երեք գլուխ, որոնք վերաբերում են այս տեսության կիրառմանը վարքի և այնպիսի երևույթների հետազոտության նպատակով, ինչպիսիք են պատերազմները, հեղափոխությունները, ընտրությունների անկայունությունը կամ պարզապես բարդ քաղաքական խնդիրները (Plaza i Font and Dandoy 2006):
Հաշվի առնելով վերջին տասնամյակների ընթացքում պետությունների ու տարաբնույթ միջպետական դաշինքների միջև բազմագործոն հարաբերությունների զգալի բարդացումը, այդ հարաբերություններում ոչ գծային փոփոխությունները, ինչպես նաև նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում զգալի անորոշությունը, ակնհայտ է, որ քաոսի տեսության կիրառումը առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում միջազգային հարաբերությունների ոլորտում: Կան նաև հրապարակումներ խաղաղության խնդիրների (Galtung 1975; Mesjaz1988), հակամարտությունների (Saperstein 1996), ռազմավարությունների և միջազգային անվտանգության (Betts 2000) ու քաղաքագիտության այլ ոլորտների վերաբերյալ:
Ոչ գծային մոդելավորման երկրորդ ուղղությունը, որն արժանի է ուշադրության, Քաոսի տեսության գործնական կիրառումն է ազդեցիկ պետությունների քաղաքականության պլանավորման և իրականացման նպատակով։ Ընդ որում, պետք է հիշել, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ նոր գիտական գաղափարների, հայտնագործությունների և տեսությունների կիրառումը ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում առկա խնդիրների լուծման համար, այլև որոշակի պայմաններում հղի է լուրջ մարտահրավերներով, երբեմն էլ աղետալի հետևանքներով: Ինչպես նախազգուշացնում են փորձագետները, դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նաև Քաոսի տեսության դեպքում: Այդ տեսության ընկալումը՝ որպես կազմակերպական փոփոխությունների գործիք, որպես կանոն, նպաստում է հասարակություններում կանխամտածված քաոսի առաջացմանն ու հասարակությունների քայքայմանը (Peled 2000; Farazmand 2003): «Այդ իմաստով քաոսի տեսությունը կարող է ազդեցիկ վերնախավերի հզոր գործիք լինել մանիպուլյացիայի և վերահսկողության համար՝ տնտեսական, սոցիալական և քաղաքական պատճառներով: Բացի այդ, քաոսային վիճակների կամ համակարգերի հետևանքների անկանխատեսելիությունը լրացուցիչ վտանգավոր ու պոտենցիալ կործանարար սպառնալիքներ է ստեղծում անհատների, խմբերի և մշակույթների համար՝ չնախատեսված երկրորդական կամ բազմակի հետևանքներով» (Plaza i Font & Dandoy 2006): Ցավոք, այս լուրջ նախազգուշացումը մնում է անտեսված:
Մինչդեռ Քաոսի տեսությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ կիրառելու նախագծի ինստիտուցիոնալացումը մեծ թափ էր հավաքում դեռևս անցած դարի 80-90-ական թվականներին։ 1984թ. ամերիկացի ֆիզիկոս Մյուրեյ Գել-Մանը (ֆիզիկայի ոլորտի 1969թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր) և քիմիկոս Ջորջ Քովանը՝ ԱՄՆ էներգետիկայի նախարարության Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի (LANL) միջգիտակարգային գիտահետազոտական կենտրոնից, իրենց համախոհների խմբի հետ հիմնել են «Սանտա Ֆե» ինստիտուտը: Այն զբաղվում է բարդ հարմարվողական համակարգերի, ներառյալ՝ ֆիզիկական, համակարգչային, կենսաբանական և սոցիալական համակարգերը, հիմնարար սկզբունքների միջգիտակարգային ուսումնասիրություններով։ Ինստիտուտի նվաճումների շարքին են դասվում հիմնարար ներդրումները Քաոսի տեսության (Waldrop 1993), գենետիկ ալգորիթմների (Mitchell 1998), տնտեսության բարդ համակարգերի (Farmer 1999), բարդ ցանցերի (Newman 2010) ոլորտներում, ինչպես նաև «Մարդկային լեզուների էվոլյուցիան» նախագծում, որով փորձ է արվում հետևել լեզուների զարգացմանը մինչև նախահամաշխարհային լեզու և այլն։
SFI կայքում, որպես ինստիտուտի զգալի ձեռքբերում, նշվում է նաև այն հանգամանքը, որ 1994 թվականից ԱՄՆ Ծովային հետևակայինների կորպուսը ոչ գծային դինամիկան և «բարդության տեսությունը» պաշտոնապես ընդգրկել է իր գործիքակազմում (օգտագործվում է մարտական պատրաստության ձեռնարկների մակարդակով)։ Միաժամանակ, կայքը (https://www.santa fe.edu/) հաստատում է, որ ինստիտուտը ոչ միայն հետազոտություններ է իրականացնում, այլև հաճախ այդ թեմաներով կազմակերպում է սեմինարներ և գիտաժողովներ: 1996 թվականի այդպիսի գիտաժողովներից մեկը՝ «Բարդություն, գլոբալ քաղաքականություն և ազգային անվտանգություն» թեմայով, համատեղ կազմակերպել էին Պաշտպանության ազգային համալսարանը, «Rand» կորպորացիան և SFI-ին, որը նվիրված էր ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Քաոսի տեսության կիրառման խնդիրներին: Այդ գիտաժողովի հիմնական բանախոսներից էին Մ. Գել-Մանը, Զ. Բժեզինսկին և Ս. Մանը, ովքեր ներկայացրել էին համապատասխանաբար «Պարզ և բարդ», «Ամերիկան այսօր» և «Արձագանք քաոսին» զեկույցները: Ավելի ուշ՝ 1997 թվականին, Վաշինգտոնի Ազգային անվտանգության համալսարանը հրապարակեց այդ համաժողովի զեկույցների ժողովածուն: Ամերիկացի դիվանագետ Ս. Մանի զեկույցը զարգացնում էր մի քանի տարի առաջ իր ներկայացրած կառավարելի քաոսի հիման վրա ԱՄՆ արտաքին քաղաքականության արմատական վերափոխման գաղափարը (Mann 1992), որը հերքում էր միջազգային իրավունքի և միջազգային կազմակերպությունների, հատկապես Միավորված ազգերի կազմակերպության՝ որպես համակարգաստեղծ առանցքի, օգտակարությունը: Հաշվի առնելով, որ այդ աշխատությունը (Mann 1992), որը դարձել է միջազգային հարաբերություններում «կառավարվող քաոսի» կիրառման մանիֆեստը, երեսուն տարվա ընթացքում այդ ոլորտում ամենաշատ հիշատակված աշխատանքն է, ինչպես նաև ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ նրա դերակատարության ընդգրկման շրջանակները (ստորև բերված աղյուսակը), կարելի է ենթադրել, որ Մանին հատկացվել է առանցքային դերակատարություն վերոհիշյալ նախագծի մշակման և իրականացման գործում:
Ստորև բերված է Ս. Մանի դիվանագիտական գործունեության համառոտ ակնարկ
Սթիվեն Մանը դիվանագիտական գործունեությունը սկսել է որպես Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի առաջին ժամանակավոր հավատարմատար (1992թ.)՝ շարունակելով զբաղվել ոչ գծային համակարգերի, հակամարտությունների և ռազմական արվեստի խնդիրների հետազոտություններով։ 1998-2001 թվականներին նա զբաղեցրել է Թուրքմենստանում ԱՄՆ դեսպանի, ապա Կասպյան ավազանում էներգետիկ դիվանագիտության գծով Պետական դեպարտամենտի ավագ խորհրդականի պաշտոնը։ 2004-ին նշանակվել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ եվրասիական հակամարտությունների գծով։ Որոշ ժամանակ դեսպան Մանը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ներկայումս նա «ExxonMobil»-ի ավագ խորհրդական է՝ արտաքին միջկառավարական կապերի գծով: Մանը առանցքային դեմք էր Կովկասում և Կասպից ծովում ամերիկամետ աշխարհաքաղաքական լանդշաֆտի ձևավորման գործում։
Ս. Մանի հոդվածներն արժե ենթարկել հայեցակարգային վերլուծության՝ մանրամասն մեջբերումներով, քանի որ միջազգային հարաբերություններում առկա միտումները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի են համապատասխանում դրանցում շարադրված մոտեցումներին ու հասկացություններին:
Մանի «ճիշտ աշխարհի» հայեցակարգը
ԱՄՆ-ն ու ողջ աշխարհը պետք է սկզբունքորեն վերափոխել։ Վերոհիշյալ երկու հոդվածներում Մանը գնահատել է ԱՄՆ արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների ինստիտուտների ու գործիքների արդյունավետությունը՝ առանց որևէ հիմնավորման կամ հղման:
«Անարդյունավետ մեխանիզմները ստեղծում են կեղծ համախմբվածություն՝ պատրանք, որ վերակազմակերպումն արդյունավետ է իրականացվում։ Գլոբալ հավաքական անվտանգության հաստատման մասին Ազգերի լիգայի դաշնագիրը (1920թ.), Քելլոգ-Բրիանի դաշնագիրը` պատերազմից հրաժարվելու մասին (1928թ.), Յալթայի կոնֆերանսը` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային կարգի ձևավորման վերաբերյալ (1945թ.) և զառանցական դիվանագիտության բոլոր նման դրսևորումները կեղծ համախմբվածության օրինակներ են» (Mann 1992):
«Արդյո՞ք նոր աշխարհակարգի կողմնակիցները կկրկնեն զսպման սխալները՝ ստիպելով մեզ ոչ բանական քաղաքական դիրքորոշում որդեգրել պատրանքային երկարաժամկետ կայունության հաստատման հարցում։ Հնարավոր է, որ այս նոր կայունությանը հասնելու հարցում մենք արդեն զոհաբերել ենք ավելին, քան կարծում ենք։ ՄԱԿ-ի հավանությունից կախվածության մեջ դնելով «Փոթորիկն անապատում»՝ մենք սահմանափակել ենք մեր ապագա ռազմական հնարավորությունները: Կոնգրեսի, ամերիկյան հանրության և միջազգային հանրության մեծ մասը կսպասեն ՄԱԿ-ի հավանությանը՝ որպես ԱՄՆ-ի ուժի ապագա կիրառման լեգիտիմ նախապայման: Ցավոք, միջազգային օրինականության հիման վրա նոր աշխարհակարգ ստեղծելու փորձը հանգեցրեց նրան, որ Սադդամ Հուսեյնը դարձավ հանդուգն, երկերեսանի և ամրապնդված, մինչդեռ քրդերի ոչնչացումը շարունակվում է» (նույն տեղում):
«Ընդհանուր ընդունված տեսակետը՝ հաշվի առնելով Խորհրդային կայսրության փլուզումը, ասում է, որ զսպման քաղաքականությունն աշխատեց։ Բայց նայելով կուտակային արդյունքին, արդյոք չե՞նք կարող ասել, որ այդ նույն քաղաքականությունը մեզ տվել է Վիետնամ՝ իր ճակատագրական սահմանափակ նպատակներով ու պատերազմ վարելու անհաղթահարելի սահմանափակումներով, ինչպես նաև մեզ ուղղորդել է դեպի ավտորիտար ռեժիմների դատապարտված աջակցության՝ Իրանից մինչև Նիկարագուա և Ֆիլիպիններ: Արդյոք մենք չէի՞նք կարող ավելի լավ վերջնական արդյունքի հասնել ավելի ցածր գնով, եթե ավելի ճկուն շարժվեինք կարգուկանոնի կղզյակների միջև քաղաքական քաոսի համաշխարհային ծովում» (նույն տեղում):
«Պարսից ծոցում պատերազմի վաղաժամ դադարեցմանը նպաստել են բազմաթիվ գործոններ, սակայն առաջին տեղում են եղել [միջազգային իրավունքի - Տ.Թ.] նորմատիվային պահանջները, ռազմատենչ, «ոչ քաղաքակիրթ» պետություն չերևալու ցանկությունը՝ ոչնչացնելով Հանրապետական գվարդիան, և Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից դուրս չգալու ցանկությունը։ Հետագա տարիներին այդ զիջումները թանկ արժեցան» (Mann 1997): «Ողբերգական իրավիճակներում մենք, հավանաբար, կարող ենք առաջարկել ոչ այլ բան, քան պալիատիվ իրավական միջոցները, կեղծ միջազգային ստանդարտները» (նույն տեղում):
Հատկանշական է, որ դիվանագետ Ս. Մանի ոչ դիվանագիտական գնահատականները՝ «զառանցական դիվանագիտություն», «անարդյունավետ մեխանիզմներ», «ձախողման դատապարտված քաղաքականություն» և «չհիմնավորված քաղաքական դիրքորոշումներ», վերաբերում են ինչպես իր երկրի արտաքին քաղաքականությանը գրեթե ողջ 20-րդ դարի ընթացքում, այնպես էլ միջազգային իրավունքի ամբողջ համակարգին: Հնարավո՞ր է, որ առանց ԱՄՆ Պետդեպարտամենտի հավանության այդ կառույցի աշխատակիցը հրապարակեր կառույցի կեսդարյա գործունեությունը հիմնովին ջախջախող հոդվածներ և շարունակեր պաշտոնավարել։
«Հիմնական կետը, որը ես ուզում եմ փոխանցել այստեղ, այն է, որ մենք պետք է զերծ լինենք պատրանքներից, երբ խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի և նմանատիպ կառույցների սահմաններին ու նպատակահարմարությանը։ Միջազգային իրավունքի երկարաժամկետ նպատակներն արժանի են ուշադրության, բայց մենք միշտ պետք է հաշվի առնենք այն գինը, որը մենք վճարում ենք դրա համար կարճաժամկետ հեռանկարում: Կայունության այս հետապնդման մեջ կա ևս մեկ ասպեկտ, որն ինձ անհանգստացնում է: Դա խաղաղապահ ուժերի տարածումն է ու ԱՄՆ-ի զինվորականների ավելի ու ավելի լայն ներգրավումը՝ որպես խաղաղապահներ ... Մենք պետք է բաց լինենք կրիտիկական իրավիճակներն արագացնելու և օգտագործելու ուղիներ փնտրելու համար, եթե դա ծառայում է մեր ազգային շահերին։ Օրինակ՝ Իրաքի զինված ուժերի և Սադդամի պետության ոչնչացման միջոցով: Առանցքային է ազգային շահը, այլ ոչ թե միջազգային կայունությունը» (նույն տեղում):
Ակնհայտ է, որ Մանը քննադատում է ոչ միայն ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, այլև մերժում է միջազգային իրավունքի նորմերն ու դրանց իրականացման գործիքները (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, խաղաղարարություն, տրիբունալներ և այլն), ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգը, դրա նպատակներն ու սկզբունքներն ընդհանրապես. «Աշխարհը, որպես միջազգային ասպարեզ, ճիշտ փոխաբերություն է, և այդ ասպարեզում հաճախ օրենք չկա» (նույն տեղում):
Բայց դա դեռ ամենը չէ: Մանը չի սահմանափակվում միջազգային հարաբերություններով. «Միջազգային հարաբերությունների հաջող մոդելը կներառի ռազմական ռազմավարություն, առևտուր և ֆինանսներ, գաղափարախոսություն, քաղաքական կազմակերպություն, կրոն, բնապահպանություն, զանգվածային հաղորդակցության միջոցներ, հանրային առողջապահություն և գենդերային դերերի փոփոխություն» (նույն տեղում):
Եվ որպես այս մեծ նախագծի իրականացման գործիք՝ նա առաջարկում է օգտագործել Քաոսի տեսությունը, որը տեղափոխվել է սոցիալական համակարգ` որպես այդ նախագծի գաղափարական հիմք:
Ռազմավարական մտածողության փոփոխություն
«Քաոսի տեսությունը և ռազմավարական միտքը» հոդվածում, որը հրապարակվել է 1992 թվականին «Parameters» հանդեսում (ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի եռամսյակային հանդես), Մանը հաստատագրում է․ «Աշխարհին վիճակված է լինել քաոսային, քանի որ մարդկային քաղաքականության դինամիկ համակարգի բազմաթիվ մասնակիցներ ունեն այդքան բազմաբնույթ նպատակներ և արժեքներ» (Mann 1992), և պնդում. « Մենք կարող ենք սովորել ընկալել քաոսը և վերակառուցումը որպես հնարավորություններ, այլ ոչ թե ձգտել կայունության՝ որպես պատրանքային ինքնանպատակ... Միջազգային միջավայրը քաոսային համակարգի հիանալի օրինակ է: Քաոսի տեսության ինտրիգային ճյուղը՝ «ինքնակազմակերպվող քննադատությունը», իդեալական է նման վերլուծության համար» (նույն տեղում):
Սակայն հատկանշական է, որ Մանը առաջարկում է օգտագործել քաոսի տեսությունը ոչ թե որպես հետազոտական գործիք, ինչպես դա արվում է բնական գիտություններում, այլ որպես մարդկանց մոլորեցնելու և գործընթացները ցանկալի ուղղությամբ ուղղորդելու գործիք: Այդ մոտեցման հիմքում հետևյալ «գաղափարն» է.
«Կոնֆլիկտի էներգիան, ըստ էության, մարդու հատկությունն է, քանի որ անհատը գլոբալ կառույցների հիմնական շինանյութն է։ Հակամարտության էներգիան արտացոլում է առանձին մասնակիցների նպատակները, ընկալումները և արժեքները, ընդհանուր առմամբ՝ գաղափարական ծրագրաշարը, որով ծրագրավորված է մեզանից յուրաքանչյուրը... Որպեսզի փոխենք ժողովուրդների կոնֆլիկտային էներգիան' այն կրճատենք կամ ուղղենք այն ուղղությամբ, որը նպաստում է մեր ազգային անվտանգության նպատակներին, մենք պետք է փոխենք ծրագրաշարը: Ինչպես ցույց են տվել հաքերները, ծրագրային ապահովման փոփոխման ամենաագրեսիվ միջոցը «վիրուսն» է, իսկ ինչ է գաղափարախոսությունը, եթե ոչ մարդկային ծրագրային վիրուսի այլ անվանումը... Օգտագործելով այդ գաղափարական վիրուսը որպես զենք՝ Միացյալ Նահանգները պետք է անցնի վերջնական կենսաբանական պատերազմի և որոշում կայացնի այն դարձնել իր ազգային անվտանգության հիմնական ռազմավարությունը՝ թիրախային բնակչությանը վարակելու համար ժողովրդավարական բազմակարծության և անձի իրավունքների նկատմամբ հարգանքի գաղափարախոսություններով՝ որպես ազգային անվտանգության հիմնական ռազմավարություն: Ամերիկայի անսասան հետևողականության դեպքում՝ ամրապնդված հաղորդակցությունների ոլորտի ձեռքբերումներով և աշխարհով մեկ ճանապարհորդությունների դյուրացումով, վիրուսը ինքնավերարտադրվելու և տարածվելու է բավական քաոսային ձևով: Այսպիսով, մեր ազգային անվտանգությունը լավագույնս ապահովված կլինի, եթե մենք մեր ջանքերն ուղղենք այն երկրների և մշակույթների մտքերը նվաճելուն, որոնք տարբերվում են մերից» (նույն տեղում):
Ակնհայտ է, որ «կենսաբանական պատերազմ» արտահայտությունն օգտագործվում է ոչ թե փոխաբերական իմաստով, այլ՝ բառացիորեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1990-ականներին Միացյալ Նահանգների ակադեմիական և դիվանագիտական շրջանակներն ամբողջությամբ տարված էին միաբևեռ աշխարհակարգի գաղափարով, վերը բերված հայեցակարգը կարելի է դիտարկել որպես Մանի այդ գաղափարի իրականացման մարդատյաց մոդել, որը ձևավորվել է այն ժամանակների համապատասխան գործոնների ազդեցության ներքո։ Վերջին տասնամյակներում անգամ ազդեցիկ պետություններում իշխանության են գալիս մեծ հավակնություններ ունեցող, բայց այդ դիրքերին հարիր պատկերացումներ ու պատրաստվածություն չունեցող մարդիկ, որոնց համար նման մոդելները կարող են մեծ գրավչություն ունենալ այդ վտանգավոր հավակնությունների իրականացման համար ու մղել խիստ վտանգավոր քայլերի:
Մանը պնդում է. «դա [վերը բերված իր հայեցակարգը - Տ.Թ.] համաշխարհային կարգ կառուցելու միակ միջոցն է, որը կլինի երկարաժամկետ (չնայած, ինչպես տեսանք, այն երբեք չի կարող հասնել բացարձակ կայունության) և ձեռնտու ամբողջ աշխարհի համար: Դա այն է, ինչ մենք պետք է անենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին: Եթե մենք ամբողջ աշխարհում նման գաղափարական փոփոխությունների չհասնենք, մեզ կմնան միայն աղետալի վերադասավորումների միջև հանգստության ցաքուցրիվ ժամանակաշրջաններ... Այս վերլուծության շոշափելի արդյունքը Միացյալ Նահանգների Լրատվական գործակալության, Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և մասնավոր հատվածում փոխանակման ու կրթական բազմաթիվ ծրագրերի աջակցության կտրուկ աճն է: Այս ծրագրերն ընկած են ազգային անվտանգության ագրեսիվ ռազմավարության հիմքում։ Մենք նաև պետք է պաշտպանական միջոցառումներ ձեռնարկենք։ Ազգային անվտանգության համար իսկական մարտադաշտը, պատկերավոր ասած, վիրուսային բնույթ ունի․․․ Իսկապես, մենք արդեն իրականացնում ենք մի շարք քաղաքական միջոցառումներ, որոնք արագացնում են քաոսը, անկախ նրանից՝ գիտակցում ենք դա, թե ոչ. խթանում ենք ժողովրդավարությունը, շուկայական բարեփոխումներն ու տարածում զանգվածային լրատվամիջոցները մասնավոր հատվածի միջոցով» (նույն տեղում):
Հետագա զարգացումները հաստատեցին, որ միջազգային հարաբերություններում քաոսի խորացման բազմաթիվ այլ նշաններ ևս կան։ «Գունավոր» հեղափոխությունները, ժողովրդավարացման գործընթացների օգտագործումը անցանկալի իշխանություններին փոխելու համար, միջազգային իրավունքի և համապատասխան ինստիտուտների անտեսումը, միջազգային կառույցների արձագանքի բացակայությունը մետրոպոլիայի կողմից հակամարտությունների կարգավորման գործընթացներում մարդկության դեմ կատարվող ակնհայտ հանցագործությունների ու պատերազմական հանցագործությունների կիրառմանը, ինչպես նաև հակամարտությունների «կարգավորման» նպատակով այդ մեխանիզմների օգտագործումը: Միգուցե Մանի՝ աշխարհի վերակառուցման տեսլականը իսկապես իրականանո՞ւմ է:
Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է առանձնացնել «հաջող մոդելի» հատկանիշները և ստուգել այդ հատկանիշների առկայությունը ԱՄՆ-ում և աշխարհում: Մանի վերոհիշյալ երկու հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ որպես այդպիսի հատկանիշներ կարելի է դիտարկել գլոբալ քաոսի խորացման հետևյալ դրսևորումները (ի հակակշիռ կարգի)՝ հակամարտությունների թվի ավելացումը (ի հակակշիռ խաղաղ կարգավորման) և ազդեցիկ երկրների ազգային շահերի բացարձակ գերակայությունը (ի հակակշիռ միջազգային կայունության և միջազգային իրավունքի)։ Դրան պետք է ավելացնել նաև բռնի իշխանափոխությունները՝ սահմանադրական և օրենսդրական նորմերի կոպիտ խախտումների միջոցով («գունավոր» հեղափոխություններ), միջազգային իրավունքի և միջազգային կազմակերպությունների անտեսումը, նորմերի, արժեքների և սկզբունքների ոչնչացումը, ինչպես նաև խաղաղարար ջանքերի կրճատումը։ Ուփսալայի համալսարանի Հակամարտությունների տվյալների հավաքագրման ծրագիրը (Uppsala Conflict Data Program (UCDP 2025)) երկրորդ տարին անընդմեջ գրանցում է զինված հակամարտությունների ամենամեծ քանակը աշխարհում՝ 61 (Davies et al., 2025)։ Ավելին, միջազգային նորմերի և կազմակերպությունների անտեսումը հանգեցնում է իրավիճակի կտրուկ վատթարացման կամ աղետների, երբեմն ՝ էթնիկ զտումների կամ ցեղասպանության (Torosyan, Vardanyan 2024): Դրա վառ օրինակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։
ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, այդ հակամարտության կարգավորմամբ զբաղվել են 1992 թվականից: 2007 թվականից ի վեր նրանք բազմաթիվ փաստաթղթերում բազմիցս արձանագրել են, որ դա ինքնորոշման հակամարտություն է, և այն պետք է լուծվի միջազգային իրավունքի հիման վրա՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ Համանախագահների առաջարկած՝ միջազգային իրավունքի հիման վրա այդ հակամարտության կարգավորման սխեման (Մադրիդյան սկզբունքները) հավանության է արժանացել բոլոր ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի:
Սակայն այդ կազմակերպություններն ու Մինսկի խմբի համանախագահող երկրներն անտարբերությամբ հետևել են, թե ինչպես է Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, սիրիացի վարձկանների ներգրավմամբ, արգելված միջոցների կիրառմամբ ու մարդկության դեմ կատարված և ռազմական հանցագործություններով 2020-2023 թվականներին ռազմական ագրեսիայի ենթարկում Արցախը, իսկ նրա 150 000 ողջ բնակչությունը՝ էթնիկ զտումների ու ցեղասպանության (նույն տեղում)։
Մինչդեռ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին՝ ռազմական հանցագործություններին ու մարդկության դեմ կատարվող հանցագործություններին արդյունավետ արձագանքելը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների, անմիջական պարտականությունն է:
Ակնհայտ է, որ միջազգային իրավունքի անտեսումը և միջազգային կազմակերպությունների անգործությունը դարձել են օրինաչափություն, այլ ոչ թե բացառություն: Հայտնի է Միացյալ Նահանգների անպատասխանատու վերաբերմունքը Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում խաղաղապահ և «ժողովրդավարացնող» առաքելությամբ զորամիավորումներ տեղակայելուն ու դուրս բերելուն, Կոսովոյում ՆԱՏՕ-ի զինված ստորաբաժանումներ և Լեռնային Ղարաբաղում ռուսական զինված ստորաբաժանումներ տեղակայելուն՝ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով։ Նախագահ Դ. Թրամփը լիովին անտեսում է միջազգային իրավունքն ու միջազգային կազմակերպությունները: Նա անձամբ է որոշում, թե ինչպես լուծել, օրինակ, ուկրաինական հակամարտությունը՝ առանց միջազգային իրավունքի համապատասխան նորմերի կամ սկզբունքների, քանի որ նրա համար ցանկացած խնդիր պարզապես բիզնես նախագիծ է, յուրաքանչյուր լուծում՝ պարզապես գործարք։ Դա համընդհանուր բանաձև է ցանկացած խնդրի կամ հակամարտության համար: Նույնիսկ տասնամյակներ շարունակվող պաղեստինյան ինքնորոշման հակամարտությունը, որի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը նախատեսում են Պաղեստին պետության ստեղծում, ԱՄՆ նախագահը փորձում է «լուծել»՝ հարություն տալով Գազայի հատվածի երկու միլիոն պաղեստինցիների այլ երկրներ վերաբնակեցնելու քսանհինգամյա վաղեմության մեռելածին գաղափարին (Pinkas 2025): Դա ոչ այլ ինչ է, քան պաղեստինցիների էթնիկ զտման և ցեղասպանության իսրայելական հանցագործ քաղաքականության իրականացման հովանավորում, որը նույնպես հանցագործություն է՝ ըստ ֆորմալ առումով դեռևս չեղյալ չհամարված միջազգային իրավունքի։
Նախագահ Թրամփը միջազգային հարաբերություններում ցինիզմի ռեկորդներ է սահմանում։ Նա անթաքույց հիանում է Թուրքիայի նախագահի գործողություններով, որի աջակցությամբ «Իսլամական պետության» մաս կազմած ջոկատները Սիրիայում տապալեցին Բ. Ասադին ու ձևավորեցին նոր իշխանություն, Ադրբեջանը ռազմական և մարդկության դեմ հանցագործություններ, էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղում։ Այս շղթան փակում է Իսրայելը, որը ոչ միայն օգնում էր այդ հանցագործությունները կատարող Ադրբեջանին՝ զենք մատակարարելով (Mamedov 2025), այլև ինքն է նույն հանցագործությունները կատարում է Գազայի հատվածում (Botbol 2025; Euronews 2025)։ Պատահական չէ, որ Թրամփը ոչ միայն հովանավորում է Գազայի հատվածում Իսրայելի հանցագործ քաղաքականությունը, այլև մասնակցեց միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումով Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած ռազմական ագրեսիային (Israel-Iran 2025)։
Բայց սրանք միայն առաջին քայլերն են: Հերթում են Գրենլանդիան (Jaramillo 2025), Կանադան (Sutherland 2025), Եվրոպան և այլք, որոնք պետք է «ընտելացվեն»: Դա պետք է անեն բոլորը՝ անկախ նրանից՝ երկրպագո՞ւմ են նորահայտ կուռքերին, թե՞ ոչ։
Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրներում «գունավոր» հեղափոխությունների միջոցով իշխանափոխություն իրականացվել է այնպիսի կազմակերպությունների ղեկավարությամբ, ինչպիսին գործունեության խայտառակ հետևանքները քողարկելու նպատակով լուծարված ամերիկյան USAID-ն է՝ այդ երկրների սահմանադրական և օրենսդրական նորմերի ու միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով։ Այս բոլոր փաստերը հաստատում են, որ վերահսկվող քաոսի՝ վերը նշված բոլոր ախտանիշներն առկա են։ Իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի լարվածության գագաթնակետին հասած նոր աշխարհակարգի համար պայքարի արդյունքից:
Արդեն իսկ պարզ է, որ կառավարելի քաոսի սերմանումը, առաջին հերթին միջազգային իրավունքի և համապատասխան ինստիտուտների անտեսմամբ, հանգեցնում է աղետալի հետևանքների՝ ռազմական ու մարդկության դեմ կատարվող հանցագործությունների։ Ավելին, խորացող քաոսի էսկալացիան և դրա հետևանքները ցույց են տալիս, որ միաբևեռ աշխարհակարգը հղի է խիստ վտանգավոր մարտահրավերներով և ողջ մարդկության համար կործանարար հետևանքներով: Այդ պատրանքային գաղափարը գրավիչ է իշխանության ղեկին գտնվող տգետ, ինքնասիրահարված գործարարների, պոպուլիստների, ծաղրածուների և տկարամիտ խամաճիկների համար՝ ջանասիրաբար ոչնչացնելով կարգը, արժեքները, սկզբունքներն ու օրենքները:
Ակնհայտ է, որ նման՝ «առանց կանոնների» (քաոսային) «Մեծ խաղի» պայմաններում կտրուկ մեծանում են ոչ ազդեցիկ (գլոբալ կամ տարածաշրջանային իմաստով) պետությունների (ճանաչված կամ չճանաչված) մարտահրավերները, քանի որ նրանք այդ խաղում դառնում են խաղաքարեր, որոնք համապատասխան պայմաններում կարող են նաև զոհաբերվել (Torosyan, Vardanyan 2024)։ Փաստորեն, նոր աշխարհակարգի ձևավորման եռափուլ մոդելի (Torosyan, Vardanyan 2025) տրամաբանությունը լիովին համընկնում է կառավարելի քաոսի մշակման տրամաբանությանը՝ որպես միաբևեռ աշխարհակարգի ձևավորման մեխանիզմ։
Եզրակացություն
Այսպիսով, նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի վերլուծությունը Ս. Մանի «կառավարելի քաոսի» հայեցակարգի համատեքստում ցույց է տալիս, որ.
- Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը լիովին համապատասխանում է «կառավարելի քաոս» հայեցակարգի դրույթներին, որի առանցքային գաղափարներից մեկը միջազգային իրավունքի նորմերի, ինստիտուտների ու գործիքակազմի անտեսումն է և դուրսմղումը միջազգային հարաբերություններից։
- Այդ քաղաքականության իրականացման նպատակով Միացյալ Նահանգները կանգ չի առնում որևէ բանի առաջ՝ կոպտորեն ոտնահարում է այլ պետությունների ինքնիշխանությունը, ժողովրդավարացման գաղափարն օգտագործում է «գունավոր» հեղափոխություններ կազմակերպելու` Սահմանադրության ու ներպետական օրենսդրության կոպիտ ոտնահարումներով իշխանափոխություններ իրականացնելու համար։
- ԱՄՆ նախագահ Թրամփը խրախուսում և հովանավորում է ռազմական ու մարդկության դեմ կատարվող հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության միջոցով հակամարտությունների լուծման փորձերը։
- Կառավարելի քաոսի ազդեցությամբ նոր աշխարհակարգի ձևավորման միտումները՝ ոտնահարելով միջազգային իրավունքը, օգտագործելով ցանկացած միջոց, կիրառելով անգամ մարդկության դեմ կատարվող հանցագործություններ՝ մինչև էթնիկ զտումներ ու ցեղասպանություն, հատկապես աղետալի հետևանքներ են ունենում ոչ ազդեցիկ պետությունների (մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն) վրա։ Հատկապես, երբ այդ պետությունները ղեկավարում են աստվածուրաց, անհավատ, արժեզուրկ, ընչաքաղց ու տգետ խմբեր։
- Նման բարդ մարտահրավերների դիմակայելու համար անհրաժեշտ է ունենալ առողջ և արդյունավետ գործող պետական կառավարման համակարգ, առողջ և ազգային-պետական հարցերում համերաշխ ու համախմբված հասարակություն, որը հավատարիմ է իր ինքնությանն ու չի հանդուրժում որևէ ոտնձգություն իր, իր պետության, հայրենիքի ու ազգային արժեքների նկատմամբ։





























