Այսօր՝ Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրը մեկնարկում է «Կապույտ սիրտ» արշավը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանը։
Նրա խոսքով, 2020 թվականից Հայաստանը միանալով այդ արշավին՝ ամեն տարի այս օրը ԱՍՀՆ-ն, համագործակցելով գործընկեր կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների հետ սկսում է 5-ամսյա իրազեկման արշավ՝ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը թրաֆիքինգի ոլորտում և կանխարգելելու նման միջազգային բնույթի հանցագործությունները։
Անի Թաթոյանը նշեց, որ արշավն ավարտվում է դեկտեմբերի 2-ին՝ «Ստրկության դեմ պայքարի» միջազգային օրը։
Իր հերթին ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի,անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը նշեց, որ 2020 թվականին Հայաստանում գրանցվել է թրաֆիքինգի 10 դեպք, որից մեկը՝ սեռական շահագործման, 2021 թ.-ին՝ 16 դեպք (7 աշխատանքային, 9 սեռական շահագործման), 2022թ.-ին՝ 8 գործ (4-ական աշխատանքային և սեռական շահագործման), 2023 թ.՝ 27 քրեական վարույթ (4 սեռական, 23 աշխատանքային), 2024 թվականին՝ 38 վարույթ (20՝ սեռական, 18՝ աշխատանքային)։
«2025 թվականի առաջին կիսամյակին եղել է թրաֆիքինգի 22 քրեական վարույթ՝ 15 սեռական և 7 աշխատանքային։ Հայաստանում տարածված է հարկադիր աշխատանքի և սեռական շահագործման թրաֆիքինգի ձևերը»,- հայտնեց Կիրակոսյանը։




























