Հյուսիսային Անգլիայում էթնիկական ավազակախմբերի կողմից մանուկ հասակում սեռական բռնության զոհ դարձած կանայք պատմել են, որ ոստիկանություն դիմելիս՝ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից բռնաբարության և ոտնձգությունների են բախվել։ Այս մասին հայտնել է BBC հեռարձակող կորպորացիան։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի առնվազն հինգ բնակչուհի սեռական բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից։ Նրանցից մեկը պատմել է, որ 12 տարեկանում բռնաբարվել է ոստիկանության աշխատակցի կողմից՝ իր ծառայողական մեքենայում։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչը սպառնացել է, որ եթե ինքը չենթարկվի իրեն՝ կրկին կտանի նրան հանցագործների մոտ։

BBC-ն հավելել է, որ ծանոթացել է «այդ կանանց գրավոր ցուցմունքներին, ինչպես նաև երեխաների սեռական շահագործմամբ զբաղվող խմբավորումների 25 այլ զոհերի ցուցմունքներին»։ Նրանցից ոմանք պնդում են, որ «կոռումպացված ոստիկանները գործել են ավազակախմբերի հետ միասին կամ ուղղակի միջոցներ չեն ձեռնարկել» հանցագործությունները կանխելու համար։

Անգլիայի հյուսիսում գտնվող որոշ քաղաքներում, հիմնականում Պակիստանից ներգաղթածների կողմից՝ բռնաբարության և երեխաների սեռական շահագործման դեպքերը զանգվածային բնույթ են կրել 1980-ականների վերջից - 1990-ականների սկզբից մինչև 2010-ականների կեսերը։ Այս խնդրի նկատմամբ կրկին ուշադրություն է սևեռվել 2025 թվականի սկզբին՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ջես Ֆիլիպսը հրաժարվել է հետաքննություն սկսել։ Հետաքննությունը պետք է կապված լիներ սեռական հանցագործությունների և դրանց նկատմամբ ոստիկանության, դատախազության և տեղական իշխանությունների արձագանքի վերաբերյալ։

Պաշտոնյան կարծիք է հայտնել, որ նման հետաքննությունն անհրաժեշտ է իրականացնել տեղական մակարդակով, ինչպես դա արվել է Ռոտերհեմում և Տելֆորդում։ The Daily Telegraph թերթը նման դիրքորոշման մեջ նկատել է ցանկություն, ըստ որի պետք չէ հեռացնել մուսուլման ընտրողներին Լեյբորիստական կուսակցությունից։ 2024 թվականի հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մի քանի ամիս տևած քննադատությունից հետո, հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները, այնուամենայնիվ, ազգային մակարդակի հետաքննություն կիրականացնեն անչափահասների նկատմամբ սեռական հանցագործությունների զանգվածային դեպքերի վերաբերյալ։