Այսօր՝ հուլիսի 30-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ուկրաինայի կողմից Տրանսբալկանյան խողովակաշարով ադրբեջանական գազի ներմուծման վերաբերյալ հարցերին։
«Կիևի նեոնացիստական ռեժիմի գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը բազմիցս փոխանցվել է Ադրբեջանի ղեկավարությանը և հայտնի է բոլորին», - կարճ պատասխանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան նաև պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ուկրաինացի լրագրողից նվեր ստացած ուկրաինացի զինվորների շևրոնների և նրա «Շարունակեք առաջ» արտահայտության մասին հարցին։
Զախարովան ընդհատեց լրագրողին՝ առանց հարցի ավարտը լսելու։
«Ես պատասխանեցի Ձեր հարցին։ Ահա ես հենց նոր պատասխանեցի այդ հարցին։ Դուք այդ հարցն ուղղե՞լ եք ադրբեջանական կողմին։ Դուք նրանցից մեկնաբանություն ստացե՞լ եք։ Դուք շևրոնի լուսանկարներ և այլն ունե՞ք։ Ուղարկեք ինձ, խնդրում եմ։ Ես կծանոթանամ այդ լուսանկարին։ Ինչ վերաբերում է նրան, որ մենք Կիևի ռեժիմը ահաբեկչական ենք համարում, ապա դրա վերաբերյալ մենք ամեն օր փաստեր ենք բերում։ Այն, որ մենք մանրամասն տեղեկացնում ենք մեր բոլոր դաշնակիցներին, գործընկեր երկրներին, որոնց հետ մենք երկխոսություն ենք վարում թե՛ այս թեմայով, թե՛ այլ թեմաներով, կրկին փաստերի հիման վրա է իրականացվում, այսինքն՝ մենք պարզապես չենք խոսում մեր գնահատականի մասին, այլ մենք պարբերաբար, ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այդ տվյալները նրանց փոխանցելու ուղղությամբ, որպեսզի ոչ միայն հիմնավորենք մեր մոտեցումը, այլև նրանց ցույց տանք ահաբեկչական Կիևի ռեժիմի հետ փոխգործակցության ողջ վտանգը։ Ինչո՞ւ։ Որովհետև դա վտանգավոր է ողջ աշխարհի համար։ Որովհետև նեոնացիզմի նման բաները չեն կարող լավը լինել որևէ կողմից։ Նրանք լիովին, 100%-ով փտած են, նրանք ներկայացնում են ծայրահեղական գաղափարախոսություն և իրենց էությամբ ու ձևով արդեն մուտացիայի են ենթարկվել և դարձել են բացարձակ ահաբեկչական։ Մեր այս դիրքորոշումը հասցվել է և լավ հայտնի է Բաքվին», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Մարիա Զախարովան նաև խոսել է «Ուկրաինայի մեդիա լանդշաֆտի այսպես կոչված ներկայացուցիչների մասին, ովքեր իրենց լրագրող են ներկայացնում, բայց իրականում կա՛մ իրենց սեփական հատուկ ծառայությունների վարձկաններ են, կա՛մ վարձված են արևմտյան հատուկ ծառայությունների կողմից»։ Նա հավելել է, որ նրանք «սադրանքների համար նյութեր կտարածեն և այլ մեթոդներ կգտնեն ու կիևյան ռեժիմի, կիևյան տարբեր կառույցների ձեռքերով կանեն ամեն տեսակ տհաճություններ, ինչի արդյունքում հետխորհրդային տարածքում քաոս կսերմանեն»։





























