ՀԷՑ-ի ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ Լիլիա Շուշանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«ՀԷՑ – ում վերջին ամիսների աշխատանքի ընթացքում նախաձեռնել եմ մի շարք ծրագրեր, սակայն կա մեկը, որի ազդեցությունն անձամբ ինձ ամենաշատն է ոգեշնչում՝ իր մարդակենտրոն բնույթով, կորպորատիվ և սոցիալական կառավարման սկզբունքներին համահունչ լինելով։

Սկսած հունիսի 10-ից՝ բոլոր աշխատակիցները, շուրջ 6800 հոգի, ապահովված են բժշկական ապահովագրությամբ, որը տրամադրվել է հրապարակային մրցակցային ընթացակարգով և մեր գործընկերն է՝ «Ինգո -Արմենիա» ապահովագրական ընկերությունը։

Կայքերում զետեղված բաց տեղեկատվությունը ցույց է տալիս, որ նմանատիպ փաթեթը, եթե փորձենք շուկայում առանձին ձեռք բերել, կարժենա մինչև 300,000 դրամ մեկ անձի համար։

Արդեն իսկ, ավելի քան մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 290 փոխհատուցված դեպք, և մեր աշխատակիցները սկսել են օգտվել ծրագրի ներառած ծառայություններից՝

  • կանխարգելիչ տարեկան զննումներ
  • մասնագիտացված խորհրդատվություններ
  • գործիքային և լաբորատոր հետազոտություններ
  • անհետաձգելի և պլանային վիրահատություններ
  • դեղորայքի փոխհատուցում և այլն։

Շնորհակալ եմ «Ինգո-Արմենիա» թիմին՝ մինչ այս պահը գործընկերային վերաբերմունքի և մարզերում իրազեկման հանդիպումներին ակտիվ մասնակցության համար։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Տնօրենների խորհրդի նախագահ պարոն Կարապետյանին՝ այս գաղափարին լիովին աջակցելու և այն կյանքի կոչելու հնարավորություն տալու համար։

Մաղթում եմ առողջություն բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիլիա Շուշանյանն, ով 2021 թվականին ազատվել էր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից, ապա նշանակվել էր ՀԷՑ-ում Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ, իսկ երեկ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նրան ազատել է աշխատանքից։

Նշենք, նաև, որ Լիլիա Շուշանյանը ՀԷՑ-ում Գլխավոր տնօրենի տեղակալ-Ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալն էր։

Շուշանյանը, հիշեցնենք, կառավարություն է եկել Հովիկ Աբրահամյանի ժամանակ, ապա աշխատել է Կարեն Կարապետյանի օրոք, համարվում էր ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի «կադրը»։ Գնահատելով նրա փորձը՝ Սուրեն Պապիկյանը նրան հրավիրել էր տարածքային կառավարման նախարարություն։ Պապիկյանի՝ փոխվարչապետ նշանակվելուց հետո Շուշանյանն ազատվեց աշխատանքից։