Անգոլայում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցի ժամանակ երկօրյա անկարգությունների և թալանի հետևանքով 22 մարդ է զոհվել, չորեքշաբթի հայտարարել է կառավարությունը, մինչ մայրաքաղաք Լուանդայում լարված անդորր է տիրում, հաղորդում է AFP-ն։
Բռնությունները սկսել են երկուշաբթի՝ տաքսու վարորդների գործադուլի առաջին օրը, որը կազմակերպվել էր նավթով հարուստ երկրում, որտեղ միլիոնավոր մարդիկ ապրում են աղքատության մեջ, ի նշան հուլիսի 1-ին վառելիքի գնի բարձրացման դեմ բողոքի։
Սա վերջին տարիների ընթացքում պորտուգալախոս հարավաֆրիկյան երկրում տեղի ունեցած ամենասարսափելի անկարգություններից մեկն էր։
Երկուշաբթի և երեքշաբթի օրերին Լուանդայում և մի շարք այլ քաղաքներում պարբերաբար կրակոցներ են լսվել, երբ մարդիկ թալանել են խանութներ և բախվել ոստիկանության հետ։
«Մենք ցավում ենք 22 մարդու, նրանց թվում՝ մեկ ոստիկանի մահվան համար»,- նախագահ Ժոաո Լուրենսոյի նախագահությամբ անցկացված Նախարարների խորհրդի նիստի ժամանակ լրագրողներին հայտնել է Ներքին գործերի նախարար Մանուել Հոմեմը։
Նա նշել է, որ անկարգությունների ընթացքում մոտ 200 մարդ է վիրավորվել, ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է։ Ըստ Հոմեմի՝ մարդիկ թալանել են սուպերմարկետներ և պահեստներ՝ գողանալով սնունդ և այլ ապրանքներ, ինչպես նաև վնաս պատճառելով 66 խանութի։
Լուանդայի փողոցները չորեքշաբթի անհանգիստ էին և հիմնականում՝ դատարկ, չնայած բենզալցակայանների և որոշ խանութների դիմաց հերթեր կային, հայտնում են Ֆրանսպրես գործակալության լրագրողները։
Այնտեղ կենտրոնացված էին մեծ թվով անվտանգության ուժեր։ Շատ խանութներ մնացել են փակ, սակայն երկօրյա խափանումներից հետո հասարակական տրանսպորտը աստիճանաբար վերսկսել է աշխատանքը։





























