Ռուսաստանը մտադիր է միջամտել Մոլդովայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ գործող կառավարությունը փոխելու նպատակով: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն: «Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է աշնանից վերահսկողություն հաստատել Մոլդովայի Հանրապետության նկատմամբ և պատրաստվում է աննախադեպ միջամտության սեպտեմբերյան ընտրություններին», - ասել է Սանդուն Քիշնևում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է Reuters-ը:
Կրեմլը, ըստ Սանդուի, նախատեսում է օգտագործել միջոցների ողջ զինանոցը՝ ռուսամետ կուսակցություններին աջակցություն, վճարովի փողոցային բողոքի ակցիաների կազմակերպում, պետական հաստատությունների վրա հարձակումներ, ընտրողների կաշառք և լայնածավալ տեղեկատվական արշավներ ինտերնետում: Պետության ղեկավարի խոսքով՝ նպատակներից մեկը արտասահմանում բնակվող Մոլդովայի քաղաքացիների քվեարկությանը մասնակցության նվազեցումն է: Հենց այս կատեգորիայի ընտրողներն էին, որոնք կարևոր դեր խաղացին վերջին նախագահական ընտրություններում և ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեում:
Սանդուն նաև ասել է, որ Ռուսաստանը օգտագործում է անօրինական ֆինանսական ուղիներ՝ երկրի ներսում քաղաքական նախագծերը աջակցելու համար: Մասնավորապես, նա նշել է, որ միայն կրիպտոարժույթային սխեմաներով նախատեսվում է փոխանցել մոտ 100 միլիոն եվրո: Նախագահը շեշտեց, որ նման միջամտությունը անմիջական սպառնալիք է ներկայացնում Մոլդովայի ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանը և եվրոպական ուղղությանը։
Այս պահին, հասարակական կարծիքի հարցումների համաձայն, իշխող «Գործողության և համերաշխության» կուսակցությունը պահպանում է իր առաջատար դիրքերը։ Միևնույն ժամանակ, հիմնական ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ նախկին նախագահ Իգոր Դոդոնի կուսակցությունը, միավորվել են ընտրական դաշինքում, որը պաշտպանում է Ռուսաստանի հետ մերձեցումը և դեմ է եվրոպական ինտեգրմանը։ Մեկ այլ ընդդիմադիր դաշինք՝ «Պոբեդան», որը կապված է Մոլդովայում հեռակա դատապարտված և ներկայումս Ռուսաստանում բնակվող գործարար Իլան Շորի հետ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ զրկվել է ընտրություններին մասնակցելուց։





























