Բրազիլիայի դատական համակարգում ԱՄՆ իշխանությունների միջամտությունը անթույլատրելի է, երկիրը կպաշտպանի իր սեփական ինքնիշխանությունը և համագործակցության համար նոր գործընկերներ կփնտրի։ Այս մասին հայտարարել է Հարավային Ամերիկայի հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ ԱՄՆ-ի կողմից Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդրի դի Մորաիսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հետո։

«Բրազիլիան ինքնիշխան և ժողովրդավարական երկիր է, որը հարգում է մարդու իրավունքները և իշխանությունների միջև անկախությունը։ Բրազիլական արդարադատությանը ԱՄՆ վարչակազմի միջամտությունը անթույլատրելի է», - գրել է պետության ղեկավարը X-ում։ - «Դատական իշխանության անկախությունը Բրազիլիայում տիրող ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման հիմքերից մեկն է »։

Նախագահի խոսքով՝ երկրի ղեկավարությունը «անհիմն է համարում քաղաքական փաստարկների օգտագործումը՝ ԱՄՆ-ի բրազիլական արտահանման վրա 50% մաքսատուրքեր սահմանելու համար»։ «Բրազիլիայի դեմ ուղղված միջոցները քաղաքականապես մոտիվացված են և ուղղված են ազգային ինքնիշխանության և երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջ պատմության դեմ», - ընդգծել է Լուլա դա Սիլվան։

Բրազիլիայի ղեկավարը հավելել է, որ երկիրը «դեռևս պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առևտրային ասպեկտների շուրջ», սակայն կօգտագործի բոլոր միջոցները՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու և նոր գործընկերներ փնտրելու համար։ «Մեր տնտեսությունն ավելի ու ավելի է ինտեգրվում հիմնական միջազգային շուկաների և գործընկերների հետ», - եզրափակել է նա։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել դի Մորաիսի նկատմամբ՝ Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարուի դեմ դատավարությունը և ամերիկյան ընկերությունների վերաբերյալ քննությունը շարունակելու համար։ Բրազիլիայի նախկին ղեկավարին մեղադրում են 2022 թվականի վերջին հեղաշրջման փորձի մեջ՝ Լուլա դա Սիլվայի իշխանության գալը թույլ չտալու նպատակով։