Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտջան Սագինտաևը հուլիսի 31-ին ԵՏՀ-ի կենտրոնակայանում՝ Ռուսաստանի Դաշնությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին 2025-2028 թվականների համար համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կհաստատվի Համատեղ կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերին անցկացվելիք նիստում, հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ կողմերը հանգամանորեն մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության երկրների և Իրանի միջև համագործակցության հեռանկարային ոլորտների վերաբերյալ՝ Ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի շրջանակում, որը նախատեսում է ապրանքների 90%-ի համար անմաքս ռեժիմ։

Սագինտաևն ընդգծել է, որ նոր ձևաչափի շնորհիվ ԵԱՏՄ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի։

«Մենք զգալի առաջընթաց ենք տեսնում մեր երկրների միջև առևտրաշրջանառության մեջ, որը 2024 թվականին աճել է 14,6%-ով՝ կազմելով 5,9 միլիարդ ԱՄՆ դոլար։ ԵԱՏՄ երկրներից Իրան արտահանումն աճել է 18%-ով», - նշել է Բակիտջան Սագինտաևը։

Հանդիպումից հետո կողմերը համաձայնության եկան, որ ԵԱՏՄ երկրները և Իրանը մեծ ներուժ ունեն մի շարք ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար՝ որպես հատկապես հեռանկարային նշելով տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, ձեռնարկությունների միջև համագործակցության կապերի ընդլայնումը, ագրոարդյունաբերական համալիրում, նավթավերամշակման և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։