Եվրամիությունը Ուկրաինային կտրամադրի «ավելի շատ» ՀՕՊ համակարգեր և կարագացնի դրանց փոխանցումը, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունը հնչել է հուլիսի 31-ի գիշերը Կիևի վրա ռուսական բանակի կողմից հասցված հերթական հարվածից հետո, որի արդյունքում, ըստ ուկրաինական իշխանությունների, զոհվել է 31 մարդ և վիրավորվել 159 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 16 երեխա։
«Ռուսաստանի կողմից ուկրաինական քաղաքների վրա հարվածները անբարոյական են, նրանց նպատակն է սպանել խաղաղ բնակիչներին։ Ուկրաինայի համար ավելի շատ զենք և Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցները պատերազմն ավարտելու ամենաարագ ճանապարհն են», - ընդգծել է Կալլասը։
Ուրբաթ օրը Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիան Կիևին կփոխանցի երկու Patriot ՀՕՊ համակարգեր։ Նրա խոսքով՝ «առաջիկա օրերին» կմատակարարվեն արձակման կայանքները, իսկ հետո՝ երկու-երեք ամսվա ընթացքում՝ համակարգի լրացուցիչ բաղադրիչները։
Փոխարենը, Միացյալ Նահանգները շտապ կարգով Բեռլին կուղարկի նոր Patriot համակարգեր, որոնց համար կվճարի Գերմանիան։ Patriot-ը, ինչպես ցույց տվեց Ուկրաինայում պատերազմը, արդյունավետ է ռուսական բալիստիկ հրթիռները որսալու հարցում։ Գերմանիան արդեն Ուկրաինային մատակարարել է երեք նման համակարգ։





























