Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետ Թիերի Բուրխարդը կարծում է, որ հինգ տարի հետո Ռուսաստանը կարող է Եվրոպայի համար «իրական սպառնալիք» դառնալ։
Ֆրանսիացի գեներալը Եվրոպայում ռազմական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը տվել է բրիտանական The Economist թերթին, հաղորդում է European Pravda-ն։
Բուրխարդի խոսքով՝ եվրոպացիների ռազմական մեթոդները պետք է զարգանան և հարմարվեն նոր պայմաններին։
Նա նաև համոզված է, որ հակամարտության դեպքում ռուս ժողովուրդը միշտ կգոյատևի «մեզանից հինգ րոպե ավելի»։
«Նրա փորձը, հսկայական թվաքանակը և դիմացկունությունը ռուսական բանակը դարձնում են արդյունավետ... և, հետևաբար, վտանգավոր», - նշել է գեներալը։
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացվող սպառնալիքը՝ Բուրխարդը կարծում է, որ Միացյալ Նահանգները չեն լքի Եվրոպան։ Նա նաև հույս է դնում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների զարգացման վրա, որոնք ապագայում կդառնան ազդեցության լծակ։
Նա համոզված է, որ վերջին ամիսներին ամրապնդվող այս դաշինքը կարող է դառնալ «ՆԱՏՕ-ի եվրոպական հենասյունը»։
Գեներալը նաև նկարագրում է պատերազմի մեթոդների փոփոխությունը, մասնավորապես, ասում է նա, որ բարձր տեխնոլոգիական զենքերը, ինչպիսին է SCALP թևավոր հրթիռը, վճռորոշ կլինեն։ Սակայն դրանք թանկ են և պետք է լրացվեն թշնամուն հյուծելու համար նախատեսված էժան զինամթերքով։
Սարքավորումներից բացի, չպետք է անտեսել նաև մարտավարությունն ու կազմակերպվածությունը։ Այսօր բոլոր բանակներն ունեն անօդաչու թռչող սարքեր, բայց ամենաարդյունավետը կլինեն նրանք, որոնք կարող են համատեղել դրանք «ցամաքում, օդում և ծովում»։
Այս բոլոր առաջարկություններից հետո Բուրխարդը խոստովանում է, որ եթե Ֆրանսիային իսկապես սպառնում է Ռուսաստանը, «խոսքը չի լինի սովորական զենքի, այլ միջուկային զսպման մասին»։





























