«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից մենք, ի տարբերություն Թուրքիայի, պարտված ենք դուրս գալու, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը խորը ցավ էր արտահայտում այդ առիթով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը։

Բոլոր ներկաներին կոչ անելով խնդիրը դիտարկել ավելի լայն պրիզմայով, քան այժմ արվում է մեր երկրում, նա հիշեցրեց, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների վերաբերյալ այսօր Հայաստանում երկու խիստ հակադիր կարծիքներ կան՝ մեկն ընդդիմությանը, մյուսը՝ իշխանություններինը։ «Որքան էլ իշխանությունները փորձեն համոզել, որ Ղարաբաղի եւ Ցեղասպանության խնդիրները չեն առնչվում սկսված գործընթացին, մեր՝ ընդդիմության համար, այդ պնդումները ծիծաղելի են» ,- նշեց ընդդիմադիր գործիչը, ավելացնելով, որ հայ-թուրքական գործընթացն աշխարհի ուժեղների կողմից տարվող խաղի ընդամենը մի օղակն է, իսկ մենք՝ մեծ պայմանավորվածությունների եւ մեծ խնդիրների մի մասը։

«Այսօր աշխարհի ուժեղները խնդրի համալիր լուծման տարբերակներ են փնտրում, եւ նրանք են որոշում՝ ինչպես լուծել մանր խնդիրները»,- եզրափակեց նա։