ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։

Թրամփի և Ալիևի հանդիպումը Միացյալ Նահանգներին հնարավորություն է տալիս նաև լուրջ մտահոգություններ հայտնելու այլախոհության դեմ Ադրբեջանի լայնածավալ բռնաճնշումների վերաբերյալ, գրում է Human Rights Watch-ը։

2023 թվականի վերջից ի վեր Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության վրա։

Human Rights Watch-ը գրանցել է լրագրողների, ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների կամայական ձերբակալությունների և քաղաքական դրդապատճառներով հետապնդումների տասնյակ դեպքեր։ Ադրբեջանական առաջատար անկախ լրատվամիջոցների առնվազն 25 լրագրող գտնվում է ճաղերի ետևում։

Սպիտակ տան առաջիկա հանդիպումը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմն ունի ազդեցության լծակներ Ալիևի նկատմամբ, ներառյալ՝ ճնշում գործադրելու բոլոր քաղբանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակման և մամուլի ազատության և քաղաքացիական հասարակության իրավունքների պաշտպանության շուրջ իմաստալից բարեփոխումների համար։

Թրամփը պետք է հստակեցնի, որ ապագա բարձր մակարդակի շփումները չեն կարող անջատ լինել հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքից։