Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը: Նրա փոխարեն նշանակվել է հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության բաժնի պետի տեղակալ Թաթուլ Շուշանյանը: Այս փոփոխության շուրջ NEWS.am-ի թղթակցի զրույցեց Գագիկ Իսպիրյանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Իսպիրյան Վլադիմիր Գասպարյանի որոշումը Ձեզ համար անակնկա՞լ էր, թե` ոչ:
Մենք ոստիկանապետի հրամանները չենք քննարկում:
Իսկ Ձեզ չե՞ն փոխանցել, թե որն է եղել այդ որոշման պատճառը: Թերացե՞լ եք Ձեր աշխատանքում, թե այլ պատճառներ էլ կան:
Եկեք ես չմեկնաբանեմ: Ավելին` ասել չեմ կարող:
Կուսակցական եղե՞լ եք, թե`ոչ:
Ոչ կուսակցական չեմ եղել:
Ներկա դրությամբ, ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել:
Ներկա դրությամբ կադրերի ռեզերվում եմ եւ, եթե նպատակահարմար կգտնեն ինձ նոր աշխատանք առաջարկել, կքննարկեմ այդ նոր աշխատանքի հարցը:
Իսկ, եթե չառաջարկեն, անձամբ Դուք ի՞նչ պլաններ ունեք:
Դե բնականաբար կփորձեմ նոր աշխատանք գտնել: Բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե ինչով կզբաղվեմ: Միաժամանակ հույս ունեմ, որ կադրերի ռեզերվում եմ, նորմալ կադր եմ եւ նոր աշխատանք մեր համակարգում կառաջարկեն:
Ձեզ փոխարինող Թաթուլ Շուշանյանը ինչո՞վ էր առավել ձեզանից, բացի երիտասարդ լինելուց:
Նա երիտասարդ է: Բացի այդ, շատ լավ եւ պրոֆեսիոնալ անձնավորություն է: Նրա նշանակումը ճիշտ եմ համարում, քանի որ նա լիովին համապատասխանում է նշանակված պաշտոնին:
Ձեր կարծիքով այս կադրային փոփոխությունները որակական փոփոխությունների կբերե՞ն իրավական համակարգում, թե՞ կսահմանափակվի այսքանով:
Իհարկե, կբերեն: Նոր կադրերն ավելի երիտասարդ են, ավելի ակտիվ, ավելի խելացի: Նոր ժամանակներում նոր ոգով են աշխատում:
Ձեր պաշտոնանկությունից հետո ի՞նչ կիսատ գործեր մնացին, որոնք չհասցրեցիք եւ կուզեիք ավարտին հասցնել:
Ես իմ գործի պրոֆեսիոնալն եմ եղել, 2001թ-ից Լոռիի մարզի քննչականի ղեկավարն եմ: Ես նվիրված եմ եղել իմ աշխատանքին եւ ապրել եմ իմ աշխատանքով գիշեր-ցերեկ: Միայն այսքանը կարող եմ ասել:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը:




























