Հունվարից հազարավոր մարդիկ հեռացել են «կամավոր ինքնաարտաքսման» ծրագրով, հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ Նա պնդում է, որ միևնույն ժամանակ հարյուր հազարավոր անփաստաթուղթ միգրանտներ հեռացել են ինքնուրույն՝ չդիմելով պետական օգնությանը։
Ըստ Նոեմի, հունվարից ձերբակալել են հանցագործություններ կատարած հարյուր հազարավոր անօրինական միգրանտների, իսկ վերջին երեք ամսում երկիր «ոչ մի անօրինական ներգաղթյալ» չի մտել, հայտնում է DW-ն։ «Սա մեր երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ սահմանին նման անվտանգության ենք ականատես լինում»,- ընդգծել է Նոեմը Չիկագոյում կայացած մամուլի ասուլիսում։ Նոեմը վստահ է, որ «դեմոկրատական» նահանգների իշխանությունները խոչընդոտում են անօրինական միգրանտների արտաքսմանն ուղղված ջանքերին։
Սպիտակ տան «կամավոր ինքնաարտաքսման» ծրագրի շրջանակում ԱՄՆ-ում անօրինական բնակվող միգրանտները կարող են ստանալ 1000 դոլարի չափով միանվագ գումար և կազմակերպչական աջակցություն՝ հայրենիք վերադառնալու համար՝ խուսափելով ներգաղթի և մաքսային ոստիկանության հետ խնդիրներից։ Ամռանը ամերիկյան մի շարք նահանգներում, մասնավորապես՝ Կալիֆոռնիայում, մարդիկ զանգվածաբար բողոքել են Թրամփի վարչակազմի միգրացիոն քաղաքականության դեմ։