Al Jazeera հեռուստաընկերությունը դատապարտել է Իսրայելի կողմից իր հինգ աշխատակիցների սպանությունը, որոնք աշխատել են Գազայում և իսրայելական հարձակումն անվանել է լրագրողներին լռեցնելու փորձ՝ նախքան պաղեստինյան անկլավի գրավումը։
«Գազայի հատվածի ամենահամարձակ լրագրողներից մեկի՝ Անաս ալ-Շարիֆի և նրա գործընկերների սպանության հրամանը հուսահատ փորձ է, որով փորձում են լռեցնել այն անձանց, ովքեր բացահայտում են Գազայի հատվածի մոտալուտ գրավումն ու օկուպացիան», - ասվում է կատարական մեդիա ցանցի հայտարարության մեջ: Հեռուստաընկերությունը մեղադրել է իսրայելական ուժերին և կառավարությանը «իր լրագրողներին դիտավորյալ թիրախավորելու և սպանելու» համար՝ հավելելով, որ «Al Jazeera»-ի աշխատակիցները Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը լուսաբանելիս բախվել են «քաղցի և տանջանքների, որոնք նաև արձանագրել են իրենց օբյեկտիվներով»
Ավելի վաղ կատարական մեդիա ցանցը հայտնել է Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում իր չորս աշխատակիցների մահվան մասին: Հարձակման զոհերն են եղել լրագրողներ Անաս ալ-Շարիֆը և Մոհամմեդ Կրեյկան, ինչպես նաև երկու օպերատոր: Ավելի ուշ զոհվածների ցուցակին ավելացել է հեռուստաալիքի մեկ այլ օպերատոր: Իսրայելի կողմից անօդաչու թռչող սարքի միջոցով տեղական ժամանակով կեսգիշերից կարճ ժամանակ առաջ իրականացված հրետանային ռմբակոծության պահին նրանք գտնվել են լրագրողների համար նախատեսված վրանում, որը գտնվել է Ալ-Շիֆա հիվանդանոցի մուտքի մոտ: Ընդհանուր առմամբ, ռմբակոծության հետևանքով զոհվել է յոթ մարդ:
Իսրայելի բանակն իր հերթին հայտարարել է, որ «վնասազերծել է ահաբեկիչ Անաս աշ-Շարիֆին, ով իրեն ներկայացրել է որպես «Al Jazeera» հեռուստաընկերության լրագրող»։ Զինվորականների վարկածով՝ նա գլխավորել է պաղեստինյան Համաս շարժման ջոկատներից մեկը և «պատասխանատու է եղել Իսրայելի խաղաղ բնակիչների և զինծառայողների հրթիռային գնդակոծությունների համար»։





























