Իսպանական Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում բռնկված անտառային հրդեհը տարածվել է Լաս Մեդուլաս բնական տարածքի մի մասում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Նրա տեղեկություններով՝ անվտանգության նկատառումներից ելնելով մի քանի մունիցիպալիտետներից տարհանվել է մոտ 800 մարդ։ Հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին, իսկ հաջորդ օրն արդեն հասել է Լաս Մեդուլաս, որտեղ գտնվում են հին հռոմեական ոսկու հանքի մնացորդները։ Առայժմ հստակ տվյալներ չկան հասցված վնասի չափի մասին։
Ինչպես հայտնում է ABC թերթը՝ Բոռենես բնակավայրի քաղաքապետ Էդուարդո Պրադան հայտարարել է «լիակատար աղետի» մասին։ «Սա վերջին տարիների ամենավատ աղետն է»,- հավելել է նա։ - Առնվազն պետք է հավանություն տալ տարածքը աղետի գոտի հայտարարելուն, քանի որ ոչնչացվել են շագանակենիներ, փեթակներ, տներ»։
Կաստիլիա և Լեոնի կառավարության տարածաշրջանային ներկայացուցիչ Էդուարդո Դիեգոն պարզաբանել է, որ կրակի տարածումն անակնկալ է եղել հրշեջ ջոկատների համար. քամին շատ անկայուն է եղել, նրա պոռթկումները հասել են 50 կմ/ժ-ի, իսկ օդի հարաբերական խոնավությունը կազմել է ընդամենը 3%։





























