Կոպենհագենի իշխանությունները կարող են տասնյակ միլիոնավոր կրոնների փոխհատուցում տրամադրել, երբ պարզվել է, որ քաղաքը վերջին յոթ տարիների ընթացքում հարսանիքների համար անօրինական կերպով փող է գանձել մոտ 12 զույգից, գրում է The Guardian-ը։
Ենթադրվում է, որ վճարում արածների մեծ մասը Դանիայում մշտական բնակություն չունեցող օտարերկրացիներ են եղել։
Կոպենհագենի քաղաքապետարանը, ըստ ամենայնի, ստիպված կլինի վերադարձնել մինչև 23 միլիոն կրոն (մոտ 3,08 միլիոն եվրո)։ Մինչև 4500 կրոն վճարը նախատեսված էր քաղաքապետարանում որոշակի ժամերին հարսանիքների, ինչպես նաև նշանակված բացօթյա վայրերում արարողությունների համար։
Սակայն, ըստ դանիական օրենսդրության, քաղաքային խորհուրդը կարող է նման վճար գանձել միայն այն դեպքում, եթե զույգը որոշել է արարողությունն անցկացնել քաղաքապետարանի շենքի դիմաց։
Հարսանեկան տուրիզմը քաղաքի համար շահութաբեր բիզնես է. Դանիայի առևտրի պալատի տվյալներով՝ անցյալ տարի Կոպենհագենում ամուսնացել է մոտ 5000 օտարերկրացի զույգ՝ ծախսելով մինչև 120 միլիոն կրոն։
Առևտրի պալատի տնօրեն Լարս Ռամմե Նիլսենը իրավիճակը «տհաճ» է անվանել։
«Շատ պատճառներով մենք շատ ուրախ էինք, որ այդքան շատ օտարերկրացի զույգեր ընտրեցին Կոպենհագենը որպես իրենց սերը վավերացնելու վայր,- ասում է նա։ -Միևնույն ժամանակ, մենք չենք կարող աչք փակել այն զգալի եկամտի վրա, որը բերում են այդ հյուրերը՝ հյուրանոցներից, ռեստորաններից և օդանավակայանից մինչև տեղական լուսանկարիչներ, ծաղկավաճառներ և շատ ուրիշներ։ Մենք մեծ հույս ունենք, որ լուծում կգտնվի»։
Որոշ քաղաքական գործիչներ կոչ են արել փոխել օրենքը, որպեսզի քաղաքապետարանը կարողանա օրինականորեն վճար գանձել ամուսնանալ ցանկացող բոլոր օտարերկրացի զույգերից։
Պահպանողական կուսակցության անդամ և Կոպենհագենի մշակույթի և հանգստի կոմիտեի անդամ Նիլս Պեդեր Ռավնը հայտարարել է, որ չնայած ինքը «խանդավառված» է, որ Դանիայի մայրաքաղաքը դարձել է այդքան հայտնի միջազգային հարսանեկան վայր, նա վրդովված է, որ քաղաքի բնակիչները ստիպված կլինեն հատուցել սխալի համար։
«Ես դա անվանում եմ հարսանեկան սկանդալ, քանի որ դա նշանակում է, որ Կոպենհագենի հարկատուները ստիպված կլինեն 23 միլիոն կրոն վերադարձնել մոտ 12 հազար օտարերկրացի զույգերի, - հայտարարել է նա։ -Մենք ստիպված կլինենք այդ գումարը գտնել Մշակույթի և հանգստի կոմիտեի բյուջեում, ինչը կնշանակի Կոպենհագենի բնակիչների համար ավելի քիչ սպորտային միջոցառումներ և մշակութային առաջարկներ»։





























