Թուրքիայի Վանի շրջանի գյուղերից մեկի բնակիչները ցանկանում են քանդել գյուղի մզկիթը, որը խանգարում է պատմական հայկական եկեղեցուն։ Այս մասին տեղելացնում է թուրքական CNNturk-ը։

Թուրքիայում դեռ շարունակվում են Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կրկին կրոնական արարողությունների համար բացելու քննարկումները, իսկ այդ ընթացքում Վան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Յուքարը Բաքրաչլը գյուղի օրակարգում տեղի պատմական Յեդի Քիլիսե (Վարագավանք) եկեղեցու կողքի մզկիթի քանդումն է։

Գյուղացիներից՝ Հուսամեթին Այդեմիրը նշում է, որ տարեկան 10 հազար զբոսաշրջիկ է այցելում եկեղեցին դիտելու։ Նա նշում է, որ մզկիթը խանգարում է եկեղեցուն եւ անհրաժեշտ է նոր մզկիթ կառուցել ու եկեղեցու կողքինը քանդել։

Մյուս գյուղացիները նշում են, որ անհրաժեշտ է մզկիթը քանդելուց հետո՝ վերանորոգել եկեղեցին։ Գյուղացիները նշեցին, որ իրենք այս առաջարկները ուղարկել են Թուրքիայի Զբոսաշրջային ընկերությունների միություն։
Զբոսաշրջային ընկերության Վանի պատասխանատուն նշում է, որ այդ շրջանը ունի զբոսաշրջության մեծ հնարավորություններ։

NEWS.am-ը նշում է, որ խոսքը գնում է հայտնի Վարագավանքի մասին։ Այն եղել է հայտնի կրթամշակույթային կենտրոն։ Ըստ ավանդության Սուրբ Հռիփսիմեն Հռոմից Հայաստան փախչելիս այդ տարածքում է թաքցնում Սուրբ Խաչի մասունքը։ Այնուհետ հայտնաբերվում է Քրիստոսի սուրբ Խաչափայտը եւ տեղում Ս. Նշան եկեղեցին է կառուցվում՝ կաթողիկոս Ներսես 3-րդ Տայեցու կողմից։ Հաստատվում է նաեւ Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Վանքի տոնը նշվել է փետրվարի 28-ին։

1857 թվականին Վարագավանքում իր գործունեությունն է սկսել նշանավոր Խրիմյան Հայրիկը։ Այնտեղ հիմնվել է դպրոց, որտեղ ուսուցչություն է արել հայտնի գրող Րաֆֆին։

1915 թվականին Վարագա վանքի շուրջ համախմբված ժողովուրդը մինչեւ վերջ պայքարել է թշնամու դեմ։ Եղեռնի ժամանակ այստեղ են փակել մի խումբ խիզախ վանեցիների եւ այրել։

Վարագավանքը՝ իր տարածքով, պատկանում է հիշյալ գյուղի բնակիչներից մեկին։ Վարագավանք ուխտագնացություն կազմակերպող հայկական ընկերությունները կարողացել են համոզել վանքի, այսպես ասած, սեփականատերին՝ լավ նայել Վարագավանքը եւ պարբերաբար այցելությունների ժամանակ նրան վճարում են։