Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար չի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։ Այս մասին Երևանում «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային համաժողովում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախկին նախագահ Ռենե Ռուկեն։
Ռուկեն հիշեցրել է, որ 30 տարի շարունակ պայքար է ընթացել Արցախի իրավունքների և նրա ճանաչման համար։ «Բայց արդյո՞ք միջազգային ատյաններում հասկացան էթնիկ խնդիրը և տարածաշրջանի բարդությունը», - հարցրել է Ռենե Ռուկեն՝ հավելելով, որ Արցախին հաջողվել է կառուցել պետություն՝ բոլոր անհրաժեշտ հատկանիշներով։ Նա հակիրճ պատմել է Ստեփանակերտ կատարած իր այցելությունների, ինչպես նաև հանրապետության նախկին ղեկավարներ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպումների մասին։
Նրա խոսքով՝ նախքան խնդրի լուծման ուղիների մասին խոսելը, անհրաժեշտ էր իմանալ Արցախի պատմությունը, թե ինչպես է իրավիճակը հասել այսպիսի վիճակի։ Նա հատուկ ընդգծել է Ադրբեջանում տիրող հայատյացության և ազգային խտրականության մթնոլորտը։ Ռենե Ռուկեն իր աջակցությունն է հայտնել Արցախից բռնագաղթված բոլոր մարդկանց, հակամարտության զոհերին և Բաքվում պահվող գերիներին։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին՝ Ռուկեն ընդգծել է, որ դա օրինականացնում է Ադրբեջանի հանցավոր գործողությունները։ Ռենե Ռուկեն կարծում է, որ Սյունիքով ճանապարհի բացումն այն տեսքով, ինչպես Ադրբեջանն է պահանջում, հսկայական ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։





























