Ուկրաինան հաստատել է Ռուսաստանի հետ գործող գազային պայմանագիրը եւ շարունակելու է բանակցությունները ռուսական գազի սակագնի վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը:
«Մեր պայմանագիրն այնպիսին է, որ անգամ մեր ուկրաինացի գործընկերներն էլ են հասկանում, որ այս պայմանագրի պայմանները երկաթբետոնյա են, եւ եթե խոսենք 2012 թվականի մասին, ապա հարկ է նշել, որ ուկրաինական կողմը հաստատել է, որ լիովին կկատարի պայմանագրում նշված պայմանները», – ասել է Միլլերը` ավելացնելով, որ ուկրաինական կողմը շարունակելու է Ռուսաստանի հետ բանակցությունները` «ինչ-որ կերպ գինը հարմարեցնելու համար», հաղորդում է gazeta.ru-ն:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ «Ուկրաինայի նավթոգազ» պետական ընկերությունը հունվարի վերջին ռուսական գազի ներկրման ծավալն ավելացել է ավելի քան 2 անգամ: Ներկրման աճն սկսվել է հունվարի 18-ից` «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերի` Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոյի հետ հանդիպումից հետո: Հունվարի 21-ից գազի ծավալը հասել է 115 միլիոն խորանարդ մետրի:
Հիշեցնենք, որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում Կիեւը փորձում էր վերանայել 2009 թվականին «Գազպրոմի» հետ կնքած պայմանագրի պայմանները:
Հունվարին Ուկրաինայում հայտարարել էին ռուսական գազի գնման ծավալները 2 անգամ նվազեցնելու մասին: Սակայն «Գազպրոմում» հիշեցրել էին, որ պայմանագրով նախատեսված են «վերցրու եւ վճարիր» պայմանները, հետեւաբար Կիեւը պետք է վճարի գազի` նախապես որոշված գինը:
Հիշեցնենք նաեւ, որ «Գազպրոմը» ցանկանում է ձեռք բերել Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը գնի զիջման փոխարեն, սակայն Ուկրաինան այդ տարբերակը չի քննարկում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարար Յուրի Բոյկոն, Ուկրաինան անցած շաբաթ մրցույթ է հայտարարել իր գազատրանսպորտային համակարգի արժեքի սահմանման վերաբերյալ: Ըստ նրա` Ուկրաինան կոնկրետ առաջարկություն կանի իր եվրոպական գործընկերներին` ուկրաինական գազատարնսպորտային համակարգը կառավարելու եռակողմ կոնսորցիում ստեղծելու համար (Ուկրաինա, Ռուսաստան, ԵՄ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























