Ռուսաստանը Թուրքիայի հետ «Հարավային հոսքի» բանակցությունների ընթացքում սակագնի ոչ մի հավելյալ զիջում չի արել: Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերը:

Թուրքիայի թույլտվության կապակցությամբ նա տեղեկացրել է, որ «հաամպատասխան միջպետական փաստաթղթեր են ստորագրվել, արձանագրություններ են կազմվել, եւ մենք աշխատել ենք միջպետական պայմանավորվածությունների ձեւաչափով»:

Հիշեցնենք, դեկտեմբերի վերջին ձգձգվող բանակցություններից հետո Թուրքիան` «Հարավային հոսքի» մասնակից վերջին երկիրը, իր տարածքում շինարարության թույլտվություն էր տվել: Դրանով հեռացվել էր նախագծի իրականացման ճանապարհի գլխավոր արգելքը:

Փորձագետները ենթադրում են, որ, հնարավոր է, Թուրքիան դրա դիմաց մատակարարվող ռուսական գազի սակագներում  զգալի զեղչեր է ստացել: Փորձագետները չեն բացառում, որ «Գազպրոմը» Թուրքիային որոշ զեղչեր է տրամադրել, գրում է «Վզգլյադ» թերթը: