Նեպալը հինգշաբթի կարգելափակի մի քանի սոցիալական ցանցերի, դրանց թվում՝ Facebook-ի հասանելիությունը, քանի որ այդ սոցիալական ցանցերը չեն կարողացել գրանցվել իշխանությունների՝ չարաշահումների դեմ պայքարի շրջանակում, հայտնել է Reuters-ը։
Կառավարությունը պնդում է, որ կեղծ անձնագրերով օգտատերերը տարածում են ատելության խոսք և լուրեր, կատարում են կիբեռհանցագործություններ և խաթարում են սոցիալական ներդաշնակությունը որոշ հարթակների միջոցով այն երկրում, որտեղ 30 միլիոն մարդկանց 90 տոկոսը օգտվում է համացանցից։
Ընկերություններին մինչև չորեքշաբթի ժամանակ է տրվել գրանցվելու Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում և նշանակելու տեղական կոնտակտային անձ, բողոքների պատասխանատու և ինքնակարգավորման համար պատասխանատու անձ, հակառակ դեպքում կհայտնվեն փակման վտանգի տակ։
Հինգշաբթի կառավարության հրապարակած ծանուցումը հրամայել է Նեպալի հեռահաղորդակցության վարչությանը (NTA) փակել չգրանցված սոցիալական ցանցերի հարթակները, սակայն չի նշվել, թե որ հարթակներն են պատժամիջոցների ենթարկվել։
Կապի նախարարության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ TikTok-ը, Viber-ը, WeTalk-ը, Nimbuzz-ը և Poppo Live-ը գրանցվել են, մինչդեռ մյուսները, դրանց թվում՝ Facebook-ը, չեն գրանցվել։
«Մենք նրանց բավարար ժամանակ տվեցինք գրանցվելու համար և բազմիցս խնդրել էինք կատարել մեր խնդրանքը»,- փակման վտանգի տակ գտնվող հարթակների մասին հայտնել է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պրիտհվի Սուբբա Գուրունգը։ Սակայն նրանք անտեսեցին դա, և մենք ստիպված էինք դադարեցնել նրանց գործունեությունը Նեպալում։
Աշխարհի տարբեր երկների, ներառյալ՝ Միացյալ նահանգների, Եվրամիության, Բրազիլիայի և Ավստրալիայի կառավարությունները, խստացնում են սոցիալական լրատվամիջոցների և խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը՝ վկայակոչելով ապատեղեկատվության, տվյալների գաղտնիության, առցանց վնասի և ազգային անվտանգության վերաբերյալ մտահոգությունները։





























