Հետազոտողները որոնում են ջրի տակ մնացած քաղաքի մնացորդները, որը կարևոր առևտրային նավահանգիստ է եղել մ.թ.ա. 4-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դարը: Միջերկրական ծովի հատակը ուսումնասիրելով՝ գիտնականները հույս ունեն գտնել արտեֆակտներ, որոնք կբացահայտեն անցյալում Տիպասայի դերը, գրում է Arkeonews-ը:
Նախագծի երկրորդ փուլը, որը կապված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությունների հետ, վերջերս է սկսվել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները կոչ են արել Ալժիրին ընդլայնել հնագիտական վայրի պաշտպանության գոտին՝ այն ոչնչացումից պաշտպանելու համար, հաղորդում է Focus-ը: Հետազոտական խմբի կազմում են ջրասուզորդներ, ծովային հնագետներ և մասնագետներ Ազգային ծովային թանգարանից, Մշակութային արժեքների պաշտպանության ազգային մարմնից և Բու Իսմայիլի անվան ծովային հետազոտությունների կենտրոնից:
Գիտնականները պլանավորում են վերհանել անցյալ տարվա ապրիլին առաջին արշավախմբի ժամանակ հայտնաբերված արտեֆակտները և շարունակել ուսումնասիրել Միջերկրական ծովի հատակը: Ինչպես նշում են հնագետները, ներկայիս աշխատանքները, ենթադրաբար, կտևեն մինչև սեպտեմբեր:
Գործողության նպատակներից մեկն այն տեսության ստուգումն է, որ ալիքների տակ կա հին քաղաք։ Հետազոտողները նաև ուսումնասիրում են նախահռոմեական փյունիկյան նավահանգստի հնարավոր մնացորդները։
Նախորդ արշավախմբի ժամանակ գիտնականները հայտնաբերել են ամֆորաներ, քարե կառույցներ և ժայռափոր կառույցներ: Գիտնականները կարծում են, որ այս գտածոները վկայում են մ.թ.ա. 4-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դար տևած առևտրային գործունեության մասին:
«Ցիստեռնների, պահեստների և ժայռափոր նավամատույցի առկայությունը համոզիչ կերպով հաստատում է դինամիկ հնագույն նավահանգստի գոյության վարկածը», - պարզաբանել է հետազոտող Ռաֆիկ Խելաֆը։
Սակայն, միևնույն ժամանակ, գիտնականները նշել են, որ միայն հետագա սուզումները և գիտական վերլուծությունը կհաստատեն գտածոների իրական բնույթը։
Տիպասան համարվում է Հյուսիսային Աֆրիկայի ամենաակնառու հնագիտական վայրերից մեկը: Ափամերձ քաղաքը ծաղկում է ապրել որպես մշակութային փոխանակման և առևտրի կենտրոն, ինչի մասին վկայում են նախկինում հայտնաբերված գտածոները: Պահպանված հուշարձանները, այդ թվում՝ բազիլիկաները, թատրոնները, լոգարանները, դամբարանները և խճանկարները, արտացոլում են քաղաքի հարստությունը:




























