Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիի հանդիպումից մեծ սպասելիք չկար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` մեկնաբանելով հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունած հայտարարությունը:

«Այնտեղ անհրաժեշտ էր, որ կողմերը հաստատեին, թե պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, եւ դա արվեց: Հատուկ առաջընթաց ոչ ոք չէր էլ սպասում, բայց ես հակված եմ ենթադրել, որ որոշակի առաջխաղացում կա», - նկատեց Ռաֆիկ Պետրոսյանը` ավելացնելով, որ բանակցությունների շարունակումը մոտեցնում է հակամարտության վերջնական կարգավորումը:

Պատգամավորը ուշադրություն հրավիրեց, որ հայտարարությունում ասվում է կողմերի միջեւ հումանիտար կապեր հաստատելու մասին:

«Միշտ խոսել են, որ անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին նախապատրաստել խաղաղության, բայց նախագահների հայտարարություններում հստակեցում չի եղել: Դա խոսում է դրական դինամիկայի մասին», - նշեց Ռաֆիկ Պետրոսյանը` ընդգծելով, որ հայտարարության այդ կետը չի նշանակում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անմիջապես կհաստատվեն այդպիսի կապեր:

«Միեւնույն է, ստելու են: Թուրքը մնում է թուրք: Բայց, եթե այդ մասին ասվում է նախագահների հայտարարությունում, ապա որոշակի առաջխաղացում հաստատ կլինի», - նկատեց Ռաֆիկ Պետրոսյանը` մանրամասնելով, որ առաջխաղացում ասելով նկատի ունի Ադրբեջանում եւ Հայաստանում տարբեր միջոցառումների մասնակցելու նպատակով փոխայցելությունները:

Հիշեցնենք, որ Սարգսյանը, Մեդվեդեւն ու Ալիեւը հանդիպել են հունվարի 23-ին Սոչիում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: Հանդիպումը կայացել է Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը:

Երկու նախագահները բարձր են գնահատել Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Ի զարգացումն 2011թ. մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ի գիտություն են ընդունել համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման  մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը եւ հանձնարարել են  շարունակել այդ աշխատանքը:

Նախագահները հաստատել են, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջեւ հումանիտար շփումների զարգացումը: