Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին, որի երկիրը Գազայի պատերազմի դադարեցման ջանքերի հիմնական միջնորդն է, ասել է, որ պաղեստինցիների տեղահանությունը կամավոր անվանելը «անհեթեթություն» է, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ Իսրայելը Գազայի քաղաքի բնակիչներին կոչ էր արել հեռանալ հարավ, քանի որ իր զորքերը շարժվում են դեպի անկլավի խոշորագույն քաղաքային շրջանի խորքը:

«Եթե (Գազայում) արհեստական ​​սով է, դա միայն բնակիչներին իրենց հողերից տեղահանելու համար է։ Անիմաստ է ասել, որ սա կամավոր տեղահանություն է», - ասել է Աբդելատին ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների հարցերով գործակալության գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցել է այն գաղափարին, որ Գազայի պաղեստինցիներին պետք է թույլատրվի «կամավոր հեռանալ» և առաջարկել է, որ այլ երկրներ ընդունեն նրանց։

Նեթանյահուի գրասենյակը ուրբաթ օրը հայտարարեց, որ նա խոսում է «յուրաքանչյուր մարդու՝ ապրելու վայր ընտրելու հիմնարար իրավունքի մասին, հատկապես պատերազմի ժամանակ»։

Եգիպտացի նախարարը նաև հայտնել է, որ երեկ խոսել է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթքոֆի հետ և քննարկել հրադադարի վերջին առաջարկի իրականացմանն ուղղված ջանքերի ակտիվացումը։