ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի դիտում և չի կարդում այն, ինչ իր մասին նկարահանվում է ֆիլմերում և գրվում գրքերում։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչպես ինքն է բազմիցս ասել՝ իր մասին ոչ գրքեր է կարդում, ոչ էլ ֆիլմեր դիտում»,- ասել է Պեսկովը։

Ըստ նրա, Պուտինը «պարզապես չի ցանկանում ժամանակ կորցնել դրա վրա»։

Մամուլի քարտուղարը պատմել է, որ Ռուսաստանի նախագահը նախընտրում է պատմական ֆիլմեր և սերիալներ, առաջին հերթին՝ վավերագրական, և երբեմն դրանք դիտում է ճանապարհին։

Սեպտեմբերի 3-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում «Կրեմլի հրաշագործը» ֆիլմի մասին, որում իր կերպարը մարմնավորել է բրիտանացի դերասան Ջուդ Լոուն։

Ֆիլմի պրեմիերան կայացել է օգոստոսի վերջին Վենետիկի կինոփառատոնում։